ԱԺ փոխխոսնակ Վահե էնֆիաջյանն արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, թե Կառավարությունն ինչպե՞ս է ծախսում միջազգային կառույցներից ստացած ֆինանսական միջոցները:
Ավինյանը մանրամասնեց՝ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ստացված 280 միլիոնը վարկային միջոց է, և հենց ԱԺ-ում քննարկվել էր, որ 280 միլիոն դոլարը ուղղվելու էր ենթադրյալ չհավաքագրված եկամուտներով պայմանավորված ծախսերի կատարմանը:
«Այսինքն՝ մենք ունենալու ենք ավելի մեծ դեֆիցիտ այս տարի՝ ճգնաժամով պայմանավորված: Նախատեսված ծախսերն էլ փոխլրացվելու են նաև այս միջոցներով: Իսկ ընդհանուր առմամբ, կարծում եմ, այս պրոցեսը թափանցիկ է տեղի ունեցել ԱԺ բոլոր պատգամավորների մասնակցությամբ: 280 միլիոնը հենց մեր բյուջեով նախատեսված ծախսերին է ուղղված լինելու»,- նշեց Ավինյանը:
Էնֆիաջյանի մյուս հարցին ի պատասխան՝ փոխվարչապետը հայտնեց, որ տեղորոշման համակարգի միջոցով ճշտվել են մոտավորապես 54 հազար պոտենցիալ կոնտակտավորների տվյալներ, և նրանց զանգեր են իրականացվել և նախազգուշացումներ են արվել: