ԱԺ հատուկ նիստում ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանի միջադեպերին:
«Հայաստանի հյուիսարևելյան սահմանին երեկվանից Ադրբեջանի սադրանքներն ու դիվերսիաները դիտարկում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն՝ հատկապես ամբողջ աշխարհում մոլեգնող համավարակի պայմաններում: Ողջ միջազգային հանրության համար ցանկանում եմ լսելի դարձնել մեր պաշտոնական դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի իշխանությունն է լիարժեք կրում նման գործողությունների արդյունքում ադրբեջաբնական կորուստների, տարածաշրջանային հնարավոր լարվածության և անկայունության հնարավոր պատասխանատվությունը:
Միաժամանակ արձանագրենք՝ հայկական բանակն ամենայն արհեստավարժությամբ, պատվախնդրությամբ և նվիրումով իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ արժանի հակահարված տալով հակառակորդի սադրիչ գործողություններին: Ցանկանում եմ զորակցությունս հայտնել մեր զինվորներին և սպաներին, որոնք հերթական անգամ ի ցույց են դնում մեր ռազմական ուժն ու լիակատար պատրաստվածությունը:
Այս ամենին զուգահեռ՝ մեր հանրությանը կոչ եմ անում առավելագույն պատասխանատվություն դրսևորել՝ հաշվի առնելով նաև տեղեկատվական դաշտում մղվող պատերազմը, ապավինել և տարածել բացառապես պաշտոնական տեղեկատվություն՝ այսպիսով զորակցելով հայկական բանակին»,- նշեց փոխվարչապետ Ավինյանը:
Հիշեցնենք՝ խորհրդարանն այսօր, ՀՀ Սահմանադրության համաձայն, իրավունքի ուժով արտահերթ նիստ է գումարել. օրակարգում արտակարգ դրության ժամկետը մինչև օգոստոսի 12-ը երկարաձգելու մասին հարցն է: