Կառավարության այսօրվա արտահերթ նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց վերջին երկու օրերին արձանագրված նոր դեպքերի թիվը և հավելեց, որ կիրակի օրվա ցածր ցուցանիշը պայմանավորված է քիչ թեստերով:
«Ծայրահեղ ծանր և ծանր պացիենտների թիվը կրկին մնում է բարձր: Գումարային՝ մոտ 650 հոգի, որից 43-ը միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքերին: Ի տարբերություն վերակենդանացման բաժանմունքների, որոնք կրկին գրեթե ամբողջությամբ լիքն են, սովորական և թթվածնով հագեցած մահճակալները հարաբերականորեն քիչ լարված են: Էս առումով ունենք շատ փոքր դրական դինամիկա: Առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ տանը հոսպիտալացման սպասող քաղաքացի չունենք և ունենք ընդամենը մեկ քաղաքացի, որը սպասում է տեղափոխման ոչ կորոնավիրուսային հիվանդանոցիւց դեպի կորոնավիրուսային հիվանդանոց»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ նախորդ շաբաթ այդ թիվը 20-ի էր հասել:
Թորոսյանը հավելեց՝ պետք է շարունակականորեն պահել հակահամաճարակային բոլոր միջոցառումները և արտակարգ դրության ռեժիմի առնվազն մեկ ամսվա երկարաձգումը, եթե հետո այս կայուն և կայունից մի քիչ թեթևացող իրավիճակը պահպանվի, հնարավոր է՝ այլ որոշումներ կայացվեն:
Հիշեցնենք, որ Կառավարության այսօրվա արտահերթ նիստի օրակարգում մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցն է: