Կորոնավիրուսի ընթացքում տնտեսական ի՞նչ կորուստներ է կրել մեր երկիրը՝ Պարետից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Տիգրան Ավինյանը մանրամասնեց՝ եթե համեմատություն անցկացնենք 2019-ի ապրիլի հետ, ապա 2020-ի ապրիլի տնտեսական ակտիվության ցուցանիշն անկում է ապրել 16.7%-ով, մայիսի նկատմամբ ունեցել ենք անկում 12.8%-ի: Ավինյանը հույս հայտնեց, որ հունիսի տվյալները, որոնք կամփոփվեն հուլիսի 25-ին, չեն ունենա նմանատիպ պատկեր, և տարբեր ոլորտներ վերականգնված կլինեն:
«Ընդհանրապես, նոր սահմանափակումների քննարկման ժամանակ իրականացվում է տնտեսական հնարավոր ազդեցության գնահատում: Երբ քննարկում էինք, օրինակ, պարետային ժամի ներդրման հնարավորությունը և մի շարք այլ սահմանափակումներ, դրա գնահատականն էր, որ տնտեսությունը կտուժի ՀՆԱ-ի 0.8%-ի չափով: Եվ կանոնների պահպանմամբ կյանքի վարումը շատ ավելի նվազ ծավալների տնտեսական բացասական հետևանքների է բերում»,- նշեց Ավինյանը:
Մեր տնտեսությունը նաև կապված է գլոբալ տնտեսության հետ՝ հիշեցրեց փոխվարչապետն ու հավելեց՝ այնտեղ կտրուկ անկումներ են տեղի ունենում: