Հակառակորդն առավոտյան վերսկսել է սադրիչ գործողությունները և շարունակում է հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի էջում հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում»,- գրել է նա։
Ավելի վաղ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հայկական զինված ուժերն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։ Նա տեղեկացրել էր, որ կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն։ Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ի առավոտյան` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք:
Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չեն եղել: Ադրբեջանական կողմն ավելի ուշ վերսկսել էր հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: