ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ, այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ: Վերջին զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում»,- գրել է նա:
Ավելի վաղ Շուշան Ստեփանյանը գրել էր, որ հայկական զինված ուժերն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։ Նա տեղեկացրել էր, որ կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն։ Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք:
Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չեն եղել: Ադրբեջանական կողմն ավելի ուշ վերսկսել էր հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: