Կոնգրեսական Ադամ Շիֆը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ և ապակայունացնող գործողությունների առնչությամբ: Այս մասին Շիֆը գրել է Ֆեյսբուքի իր էջում:
«Ես շատ մտահոգված եմ վերջին օրերին հայկական սահմանի երկայնքով Ադրբեջանի սադրիչ և ապակայունացնող գործողություններով՝ ներառյալ հայ զինվորների հրետակոծումը։ Այս գործողությունները վտանգում են զինվորների և քաղաքացիական անձանց կյանքը և մեծացնում են հակամարտության սրման վտանգը, որը կարող է կործանարար հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար, հատկապես գլոբալ համաճարակի պայմաններում:
Այդ գործողությունները պետք է դիտարկել նաև Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի հետևողական ռազմատենչ հռետորաբանության և սեփական սահմաններին միջազգային մոնիտորինգ թույլ չտալու համատեքստում։ Ես կոչ եմ անում Պետդեպարտամենտին՝ բոլոր կողմերի համար պարզաբանել զսպվածության և դիվանագիտության, ինչպես նաև լարվածության թուլացման անհրաժեշտությունը»։