ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ իրադրության սրման առնչությամբ` խստորեն դատապարտելով Ադրբեջանի գործողությունները:
«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի շարունակական փորձերը պահպանելու լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ և այդ նպատակով Տավուշի մարզի Չինարի և Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության հանցավոր թիրախավորումը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է:
Ադրբեջանը պետք է անվերապահորեն դադարեցնի նմանօրինակ գործողությունները և ձեռնարկի անհրաժեշտ քայլեր կանխելու հետագա լարվածությունը, որի հետևանքների համար կրում է ողջ պատասխանատվությունը»,- գրված է հայտարարությունում: