ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և շարժվել դեպի խաղաղություն:
«Երեկվանից լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև սկսվել են մարտեր:
Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական տեղեկատվության, մի քանի ժամվա ընթացքում տվել է 4 զոհ:
Որպես «Կանայք հանուն խաղաղության» արշավի հեղինակ՝ հորդորում եմ ադրբեջանցի կանանց և մայրերին՝ կոչ անել իրենց երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ դադարեցնել ռազմական գործողությունները, վտանգի չենթարկել ադրբեջանցի և հայ ժողովուրդների զավակների կյանքը:
Կանայք, մայրերը և քույերերը պետք է հարցնեն իրենց ռազմաքաղաքական ղեկավարությանը` ի՞նչ ձեռք բերեցին իրենց սիրելիների կորստի, իրենց անձնական ողբերգության գնով, և ինչն է խանգարում խնդիրները քննարկել խաղաղության պայմաններում, հակառակ կողմի ղեկավարության հետ բանակցությունների ճանապարհով:
Աշխարհը ծնկի բերած այս համավարակի օրերին հատկապես պետությունների ղեկավարները պետք է իրենց ջանքերն ուղղեն սեփական ժողովուրդների առողջության պահպանմանը և մեկ ընդհանուր թշնամու` համավարակի դեմ պատերազմին, մարդկությանն իր բնականոն կյանքին վերադարձնելու նպատակով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` համաշխարհային զինադադար հայտարարելու կոչին հետևելը լավագույնն է, որ կարող են անել երկրների ղեկավարներն իրենց երկրների և ժողովուրդների համար:
Պատերազմից պետք է միշտ խուսափել: Միշտ կա այլընտրանք»,- գրել է տիկին Հակոբյանը Ֆեյսբուքի էջում: