ԱԺ հատուկ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն ասաց, որ քիչ առաջ ՊՆ մամուլի խոսնակը հաստատել է տեղեկությունը, որ գնդակոծվել է Չինարի գյուղը: Պատգամավորի խոսքով՝ սա նշանակում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը երեկվա ստացած ապտակից դասեր չի քաղել:
«Երեկ ամբողջ օրն ընթացող մարտերի ընթացքում մեր պաշտպանության նախարարությունը, զինված ուժերը ձեռնպահ մնացին խաղաղ բնակչության, բնակավայրերի ուղղությամբ որևէ արկ արձակելուց: Կրակն ամբողջությամբ ուղղորդված էր ինժեներական կառույցների և ռազմատեխնիկայի ուղղությամբ»,- ասաց պատգամավորը:
Կարապետյանը նշեց, որ ստիպված են լինելու պատասխանել շատ ցավոտ: «Մենք երկու տարի շարունակ ասում ենք, որ մենք խաղաղություն սիրող ժողովուրդ ենք: Մենք պատրաստ ենք նստել, խոսել, բանակցել: Միևնույն ժամանակ մենք երկու տարի ասում ենք՝ պատրաստ ենք ցանկացած սցենարի: Ցավոք, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կտրվելով իրականությունից, մնացել է իր պաշտպանության նախարարի վերջին ելույթի տակ, որում իրականությունից կտրված այդ կիսազինվորականը գնահատականներ է տալիս հայոց բանակի մասին: Հայկական բանակը երկու տարվա մեջ բավականին փոխվել է: Ունակ ենք խոցելու Ադրբեջանի տարածքում ցանկացած թիրախ, ռազմավարական նշանակության ցանկացած օբյեկտ»,- ասաց պատգամավորը:
Տիգրան Կարապետյանը նաև ասաց, որ ՀՀ ղեկավարությունը վայրկյան անգամ չի կասկածելու Հայաստանի և Արցախի սուվերենության համար հրաման տալ՝ ոչնչացնելու ցանկացած թիրախ: Պատգամավորը, դիմելով Ադրբեջանի ղեկավարությանը, նշեց, որ այս արկածախնդրությունն իրենց համար ունենալու է անդառնալի հետևանքներ:
«1994-ի ձեր մուրացած խաղաղությունը քաղցր երազ է թվալու: Կոչ եմ անում՝ համակերպվեք այն մտքի հետ, որ բարձունքը մերն է, տղերքն էլ կան ու լինելու են»,- ասաց պատգամավորը: