Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են երկրի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիևին (պաշտոնավարել է 1992-ի մարտից մինչև 1993 թ. փետրվար):
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա ձերբակալվել է Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու համար:
Պետական անվտանգության ծառայության և Ադրբեջանի գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Ռ.Գազիևը հուլիսի 12-13-ը սոցցանցերում պետության դեմ հայտարարություններ է արել, ինչպես նաև ապատեղեկատվություն է տարածել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
Գազիևին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի ՔՕ 281-րդ (պետության դեմ կոչեր) և 282-րդ հոդվածներով (սադրանք):
Նշենք, Ռ. Գազիևը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի 12 զոհ: