Հանրապետությունում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության յուրաքանչյուր գործողություն ավելի ու ավելի բարվոք պատկեր է հայտնաբերում. տնտեսավարողներն ավելի զգոն են, ավելի պատասխանատու ու բարեխիղճ, ինչն էլ նպաստում է նախկինում գրանցված խնդիրների էական նվազմանը:
Այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի սննդի շղթայում գործող կազմակերպություններում ՍԱՏՄ մասնագետների իրականացրած ստուգումներն ու կրկնայցերը գոհացուցիչ արդյունքներ են արձանագրել. խախտումներ հայտնաբերվել են միայն մեկ խանութում, որտեղ չի կատարվել աշխատակիցների ջերմաչափում, չեն վարել ջերմաչափման գրանցամատյան, բացակայել է փակվող աղբամանը՝ նախատեսված օգտագործված ձեռնոցների և դիմակների համար: Կազմվել է արձանագրություն, որի հիման վրա սպասվող վարչական պատասխանատվությունն անխուսափելի է:
Ողջունելով տնտեսավարողների պատասխանատու վերաբերմունքը, այդուհանդերձ, ՍԱՏՄ-ն հորդորում է չթուլացնել զգոնությունը և խստորեն պահպանել պարետի որոշումներով սահմանված անվտանգության նորմերը` նպաստելով համավարակի շուտափույթ հաղթահարմանը:
ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի՝ կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված գործողությունները շարունակվելու են հանրապետության ողջ տարածքում: