Շիրակցի Ռաֆայելյաններն իրենց աչքով են տեսել․ հեղեղը սարերից է իջել, վարարած գետի նման հոսել գյուղամիջով։ Ամբողջ գյուղով դուրս են եկել, տրակտոր բերել, որ ջրի հունը փոխեն, արգելապատնեշներ են դրել, բայց, միևնույն է, գյուղի այս հատվածում ջուրը տներն է լցվել։
Սելավը վնասել է մշակաբույսերը, լցվել նաև հարևան Սիմոնյանների տնամերձը։ Նման հեղեղ երկար տարիներ Շիրակը չէր տեսել։ Ճանապարհի ավազն ու շինանյութը, սելավի ջրերը, հետն էլ կարկուտը վնասել են բույսերն ակտիվ վեգետացիայի շրջանում։ Սիմոնյանները դժվարանում են ասել, թե քանի տոկոսով են տուժել։
Վարչական շրջանի պատասխանատուն ասում է, որ գյուղի ճանապարհներն են տուժել, ցորենի, գարու ցանքատարածությունները, իսկ ամենամեծ վնասը հասցվել է տասը տնտեսության, հիմա հաշվում են, վնասի չափերը ներկայացնում մարզպետարան։
Ընդհանուր առմամբ` տուժել է հինգ բնակավայր՝ Հացիկ, Շիրակ, Մարմաշեն, Վահրամաբերդ, Կապս։
Շիրակի մարզպետարանի՝ վնասի չափերը ուսումնասիրող հանձնաժողովն աշխատում է գյուղերում։ Տվյալները կամբողջացվեն և կուղարկվեն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, հետո կառավարությունը կորոշի, թե ինչ չափով փոխհատուցել շիրակցուն։