Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այս անգամ խստացված ծառայություն էին սկսել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Տեսչականի խոշորացույցի տակ հանրային տրանսպորտն էր, նաև` տաքսի ծառայությունները:
Ստուգումների վերջին երկու ամսում արձանագրվել էր՝ հիմնական խնդիրը ախտահանիչ նյութերն են: Որոշ դեպքերում` դրանց փոխարեն ուղղակի հասարակ ջուր կամ օճառ է լինում: Սակայն այսօրվա ստուգումների ընթացքում տեսուչները որևէ նման դեպք չարձանագրեցին: Տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի պետ Արթուր Արաբաչյանը հիշեցնում է՝ ախտահանիչ նյութերը պարտավոր են գնել տնտեսվարողները, այլ ոչ թե վարորդները:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետների վերջին մշտադիտարկումները փաստում են՝ հանրային տրանսպորտում խախտումներն զգալի նվազել են: Դա պայմանավորված է թե ուղևորների, թե վարորդների կարգապահությամբ: Չնայած դրան, այսօր նույնպես խախտումներ արձանագրվեցին:
Մշտադիտարկման մյուս վայրում նույնպես հատուկենտ խախտումներ կային: Տրանսպորտային միջոցներից մեկում չի եղել ախտահանիչ նյութ, մյուս դեպքում էլ՝ տաքսին ուղևոր է տեղափոխել առջևի նստատեղում: