ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ alternativ.am լրատվական կայքում տարածվել էր «Կոռուպցիոն բացահայտումներ Ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում» վերտառությամբ հրապարակում, թե իբր ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը և երկու տեղակալները՝ Արթուր Մարտիրոսյանն ու Հայկ Մհրյանը, 30 միլիոն դրամ են դուրս գրել ոստիկանության գաղտնի ծառայակիցների աշխատավարձը վճարելու համար, սակայն այդ գումարը համապատասխան մարդկանց չի հասել: Այդ լուրը հետագայում տարածվել է նաև այլ լրատվական կայքերում:
07.07.2020 թ. ՀՀ ոստիկանության պետի կողմից նշանակվել էր ծառայողական քննություն: Պարզվել է, որ տեղեկատվությունն իրականության հետ որևէ կապ չունի:
Ծառայողական քննության շրջանակներում կայքի տնօրենը բացատրություն է տվել, որ հրապարակման հետ կապված հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացնել չի ցանկանում, հիշյալ տեղեկատվությունն ապացուցող փաստական տվյալներ չի կարող ներկայացնել և նշված տեղեկությունը հրապարակելով՝ ակնկալել է մեծացնել հետաքրքրությունը կայքի նկատմամբ:
Ըստ այդմ, ոստիկանությունում ծառայողական քննության նյութերը թողնվել են անհետևանք: