Մարտի 5-ին Գյումրիում 43-ամյա կինը եւ 13-ամյա դուստրը ծեծի էին ենթարկվել իրենց տանը՝ 28-ամյա տղամարդու կողմից։ Մայրը մահացել էր, իսկ անչափահասը ծայրահեղ ծանր վիճակում հայտնվել հիվանդանոցում։ Երեք ամիս բժիշկների հսկողության տակ մնալուց հետո երեխայի խնամակալությունը ստանձնել է հորաքույրը։ Հիմա աղջիկն ապրում է հորաքրոջ և 18 տարին չլրացած եղբոր հետ:
Դեպքի օրը հարուցվեց քրեական գործ՝ առողջությանը ծանր վնասի պատճառում երկու կամ ավելի անձանց նկատմամբ, ինչն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ հոդվածով. 28-ամյա տղամարդը կալանավորվեց: Հիմա արդեն կան բավարար փաստական ապացույցներ մեղադրանքի ծավալը փոխելու և կատարված արարքին այլ որակում տալու համար։ Ըստ ձեռք բերված տվյալների՝ տղամարդն այդ օրը սպանության փորձ էր կատարել։
Բացի այդ, բավարար տվյալներ կան, որ տղամարդը տուժողների նկատմամբ բռնություն է գործադրել տևական ժամանակ։ Սա էլ հիմք է տվել նախաքննական մարմնին մեկ այլ մեղադրանք առաջադրել ՝ խոշտանգման հիմքով։
Փաստական տվյալներն ու ապացույցները հիմք են տալիս դատախազությանը պահանջել ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։
Նախաքննության ավարտից հետո դատախազությունը պահանջն ավելի կոնկրետ ձևակերպելուց հետո կմտնի դատարան՝ տեղեկացրեց Կարեն Գաբրիելյանը։