Հուլիսի 11-ը քաղցրասերների օրացույցում հատուկ ընդգծված օր է, քանի որ այս օրը Շոկոլադի միջազգային օրն է։ Քաղցր ու համեղ տոնն ընդունվել է 1995 թվականին ու առաջին անգամ անցկացվել Ֆրանսիայում։
Կա կարծիք, որ շոկոլադն առաջին անգամ ստացել են ացտեկները՝ այն անվանելով «աստվածների սնունդ», իսկ իսպանացիները, այն բերելով Եվրոպա, անվանել են «սև ոսկի»:
Կակաոն դեռ 4000 տարի առաջ օգտագործվել է Ամերիկայում, սակայն ներկայումս կակաո ամբողջ աշխարհին վաճառում է Աֆրիկան: Առհասարակ կակաոյի առկայության վկայությունները թույլ են տալիս ենթադրել, որ այն աշխարհի ամենահին սնունդներից մեկն է։
Կա տարածված կարծիք, որ շոկոլադի օգտագործումը գիրացնում և այլ բացասական հետևանքներ է թողնում մարդու առողջության վրա։ 1lurer.am-ը հավաքել է շոկոլադի օգտակարությունը փաստող որոշ տեղեկություններ։
Շոկոլադը բավական օգտակար է մարդու օրգանիզմի և հոգեբանական վիճակի համար, քանի որ նպաստում է երջանկության հորմոնների ակտիվացմանը։ Գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր օրական ուտում են մոտ 7,5 գրամ շոկոլադ՝ մոտ մեկ կոնֆետ, սրտի կաթվածի վտանգից 39%-ով ապահովագրված են։ Շոկոլադի մեկ փոքրիկ կտորը կարող է մարդուն այնքան էներգիա հաղորդել, որը բավարար է 45.5 մետր քայլելու համար։ Շոկոլադի օգտագործումը կանխում է բշտիկների առաջացումը, իսկ սև շոկոլադի օգտագործումը կարող է մաշկը պաշտպանել արևից: Այն հազի դեմ բնական միջոց է համարվում։ Սև շոկոլադի օգտագործումը կարող է նաև բարելավել տեսողությունը։ Ըստ իտալացի գիտնականների՝ մարդիկ, որոնք մեծ քանակությամբ շոկոլադ են ուտում, ծերության ժամանակ ավելի քիչ են տառապում ցնորամտությամբ։
Առաջին շոկոլադե սալիկն աշխարհում արտադրվել է 1842 թ. անգլիական Cadbury ընկերության կողմից։ Հենց նույն ընկերության արտադրության շոկոլադե սալիկն իր հետ բևեռային հետախույզ Ռոբերտ Սքոթն էր վերցրել Հյուսիսային բևեռ ճանապարհորդելու ժամանակ։ Այժմ այդ սալիկը 100 և ավելի տարեկան է։ 2001 թ. աճուրդի ժամանակ այն գնել է մի անհայտ գնորդ՝ մոտ 700 դոլարով և համարվում է ամենաթանկ սալիկն աշխարհում:
2019 թվականին Եվրամիության անդամ երկրներն արտահանել են 2,2 մլն տոննա շոկոլադ և շոկոլադե սալիկ, որի 66%-ը բաժին է ընկել ԵՄ անդամ այլ երկրներին՝ հայտնում է
Eurostat-ը։
Շոկոլադի և շոկոլադե սալիկների արտահանող ԵՄ առաջատար երկրներն են՝
-
Գերմանիան (640000 տ կամ 30%).
-
Բելգիան (300000 տ կամ 14%).
-
Նիդեռլանդները (290000 տ կամ 13%).
-
Լեհաստանը (230000 տ կամ 10%).
-
Իտալիան (180000 տ կամ 8%):
ԵՄ այս անդամ հինգ երկրները արտահանել են ԵՄ ընդհանուր շոկոլադի և շոկոլադե սալիկների երեք քառորդը:
Եվրամիության անդամ չհանդիսացող երկրներից ԵՄ է ներկրվել 220000 տ շոկոլադ, որից 100000 տոննան ներմուծվել է Միացյալ Թագավորությունից, իսկ 70000 տոննան` Շվեյցարիայից: