Հուլիսի 24-ից՝ 86 տարի անց, մահմեդական հավատացյալները կկարողանան աղոթել Ստամբուլի Այա Սոֆիայի մզկիթում, որը մինչև 1453 թվականը քրիստոնեական տաճար էր, 1934-ից ՝ թանգարան ու այդ կարգավիճակում ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության մաս: Ոչ, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ոչ միջազգային հանրությանը նախագահ Էրդողանի այս որոշումը դուր չի գալիս:
Ստեֆան Դյուժարիկ. ՄԱԿ-ի խոսնակ - Ուրբաթ արված հայտարարության մեջ ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը նշել է, որ Այա Սոֆիան, որը Ստամբուլի պատմական հատվածի մի մասն է, ներգրավված է Համաշխարհային ժառանգության ցանկում որպես թանգարան: ՅՈւՆԵՍԿՕ-ն ընդգծել է, դա ենթադրում է մի շարք օրինական հանձնառություններ և պարտականություններ:
Թուրքիայում էլ այս որոշումը միանշանակ չեն ողջունում: Թուրքիայի քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Տխուր օր՝ քրիստոնյաների և բոլոր նրանց համար, ովքեր հավատում են պլյուրալիստական Թուրքիային: Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշումը կբարդացնի կյանքն այստեղ՝ քրիստոնյաների և Եվրոպայում՝ մահմեդականների համար: Սուրբ Սոֆիան մեր հարուստ պատմության խորհրդանիշն էր: Նրա գմբեթը բավականաչափ մեծ էր բոլորի համար»։
Այս որոշումն անհասկանալ դարձավ նաև հոգևոր աշխարհի համար:
Արամ Առաջին, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս - Թուրքիան իր նախագահի այս նախաձեռնությամբ, փաստորեն, շարունակում է հոգևոր ու մշակութային արժեքներ ոտնահարելու, միջազգային օրենքով հաստատված սկզբունքներն անտեսելու և պատմությունը նենգափոխելու իր վարքագիծը: Ներկայի և ապագայի իր ներքին և արտաքին շահերն ու աշխարհաքաղաքական նպատակներն իրականացնելու համար Թուրքիան նույնիսկ անտեսում է իր հին ու նոր բարեկամների կարծիքը: Եվ ո՞ւր էին արևմտյան աշխարհի ղեկավարները` քաղաքական թե հոգևոր, երբ Հայոց Ցեղասպանությունից հետո հայ ժողովրդին պատկանող հազարավոր եկեղեցիներ վերածվեցին ախոռների, սրճարանների, մզկիթների և այլ հանրային վայրերի: Այո՛, ցեղասպանությունն այլ կերպով է շարունակվում նույն ցեղասպանի կողմից, քանի դեռ աշխարհը լուռ է:
Օսմանյան կայսրության այլամերժ գաղափարախոսությունն այլ կերպ է թափանցում ամենուր՝ արաբական աշխարհից մինչև արևմտյան երկրներ, քանի դեռ աշխարհը լուռ է,- հայտարարել է Արամ Ա կաթողիկոսը։
Թուրքական որոշումներին անդրադարձ կա նաև Արցախից:
Արայիկ Հարությունյան, ԱՀ նախագահ - Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմամբ թուրքական իշխանությունը վերահաստատեց քաղաքակրթությունների հանդեպ իր ժխտողական ու այլատյաց կեցվածքը: Իսկ քրիստոնեական արժեքներին դավանող գերտերությունների՝ այս թեմայով ամեն մի արձագանք շատ նման է հիվանդ ու անօգնական մարդու հոգոցի, քանի դեռ կան Հայոց Ցեղասպանության ուրացումը, հայ-թուրքական փակ սահմանը, Մերձավոր Արևելքում Թուրքիայի ցեղասպանական գործողությունները:
Իսկ Հունաստանը Թուրքիային պատասխան յուրօրինակ առաջարկ ունի. Սալոնիկում Մուստաֆա Աթաթուրքի տունը վերածել հույների ցեղասպանության թանգարանի: