Թագուհի Մաճկալյան (Այրում համայնքի սոցիալական աշխատող) - Բազմազավակ մայրիկ ունենք, հենց Այրում քաղաքից, ում ամուսինը տարիներ առաջ մահացել էր, ընտանիքը հայտնվել էր դժվար իրավիճակում, մայրիկին օգնել ենք աշխատանքի հարցում, երեխաներին էլ ենք օգնում:
Ընդամենը 2 տարում Այրում խոշորացված համայնքի 8 բնակավայրում Թագուհի Մաճկալյանին հասցրել են ճանաչել ու վստահել 500-ից ավելի սոցիալական տարբեր խնդիրներով ընտանիքներ, ինքն էլ գիտի նրանց ամեն հոգս ու կարիքը: Արտակարգ դրության ընթացքում տներ չի այցելում, բայց շաբաթը 7 օր, 24 ժամ հասանելի է` հեռախոսով կամ հեռավար, համայնքապետարանն էլ իր կողքին ` բոլոր ձեռնարկներում.
Արայիկ Պարանյան (Այրում համայնքի ղեկավար) - Կորոնավիրուսի հետ կապված` ավելի պահանջվեց սոցիալական աշխատանքը, խոցելի խավը վեր է հանվում իր կողմից, քննարկում ենք անում, հնարավորության սահմանում թե սննդի տեսքով, թե դրամական:
Այս մի օրը, սակայն, սովորականներից չէր: Հաճելի անակնկալ էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի այցը Այրում համայնք: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, «Վոլդ վիժն Հայաստանի» և Մանկական զարգացման հիմնադրամի իրականացրած «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրով Թագուհին վերապատրաստվել է, կայացել, արդեն` նաև գնահատվել: Հյուրերը դատարկ ձեռքով չէին եկել` սոցաշխատողի համար անհրաժեշտ գույքով ու տեխնիկայով:
Լին Թրեյսի (Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան) - Քանի որ մենք խոսում ենք առողջ ընտանիքի, գործազրկության, կրթության մասին ավելի հստակ է դառնում, թե որքան կարևոր դեր ունի սոցիալական աշխատողը համայնքի զարգացման գործում: Համաճարակի շրջանում կարող ենք ասել, որ շատ կարևոր է այս գործակցությունը և այն ավելի ազդեցիկ է դառնում:
Այս աջակցության հասցեատեր է հինգ մարզի 30 համայնք.
Ժիրայր Էդիլյան («Վորլդ վիժն Հայաստան» կազմակերպության տնօրեն) - Մեծ շեշտադրում ենք անում խոշորացված համայնքներին տրամադրվող աջակցությանը, որպեսզի համայնքի սոցաշխատողը ունենա բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, կարողությունները, հմտությունները իր աշխատանքը արդյունավետ իրականացնելու:
Թագուհին շուտով համայնքապետարանի նոր կառուցվող շենքում կունենա աշխատասենյակ, նվերը շատ պատեհ էր.- Եվ անսպասելի էր, և պարտավորեցնող, որ էլ ավելի լավ աշխատեմ:
Իսկ համավարակի հետ կապված` մեր երկրին Միացյալ Նահանգների օգնության մասին դեսպանն ասաց. - Բացի այն, որ լաբորատորիաներ ստեղծելու համար մենք աջակցություն ենք ցուցաբերելու առողջապահության ոլորտին, նաև 1,2 մլն դոլար ենք նվիրաբերելու փոքր և միջին տնտեսություններին, որոնք այս ընթացքում տուժել են համավարակի պատճառով: