Արդեն չորրորդ օրն է՝ Սերբիան անհանգիստ է: Բալկանյան երկրում հազարավոր հակակառավարական ակտիվիստներ հեղեղել են Բելգրադի փողոցները՝ պահանջելով Սերբիայի նախագահի և կառավարության ամբողջ կազմի հրաժարականը երկրում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը ձախողելու համար: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Անտեսելով մարդկանց մեծ խմբերով հավաքների արգելքը՝ սերբ ցուցարարները փորձել են գրոհել երկրի խորհրդարանի շենքը՝ շշեր ու քարեր նետելով ոստիկանների ուղղությամբ:
Ակտիվիստների առաջխաղացումը կանխելու համար իրավապահները սկզբում իրենց վահաններն են օգտագործել, սակայն դրությունը վատանալուց հետո ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել: Ցույցերն ավարտվել են իրավապահների ու ակտիվիստների բախումներով: Մի քանիսը ձերբակալվել են, կան բազմաթիվ տուժածներ: