Իրանը վճռել է զարգացնել երկրի նավթարդյունաբերությունը՝ անկախ Միացյալ Նահանգների՝ Իսլամական Հանրապետության նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից: Այս մասին հեռուստաելույթի ժամանակ հայտարարել է նավթի նախարար Բիժան Զանգանեն՝ գրում է Reuters լրատվական գործակալությունը:
«Մենք ոչ մի դեպքում չենք հանձնվի: Մենք պետք է մեծացնենք մեր հնարավորություններն այնպես, որ անհրաժեշտության դեպքում ամբողջ հզորությամբ կարողանանք շուկա մտնել ու վերականգնել մեր շուկայական մասնաբաժինը»:
2018-ին միջուկային համաձայնագրից Միացյալ Նահանգների դուրս գալուց և Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացումից հետո Իսլամական Հանրապետությունում նավթի արտահանման ծավալները գնահատվել են օրական 100-200 հազար բարել, մինչդեռ, օրինակ՝ 2018-ի ապրիլին այն եղել է օրական ավելի քան 2.5 միլիոն բարել: