Նուբարաշենի աղբավայրում hրդեհաշիջման աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են։ Հրշեջ-փրկարարների կողմից տեղում իրականացվում է հերթապահություն։
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին, ժամը 20։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում:
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հաստատվել էր հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչ։
Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 10-ին, ժամը 07։50-ին։ Աղբավայրի մոտ 4 հա տարածքում այրվում է կուտակած աղբ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ընդհանուր թվով 10 ջրատար և 7 միավոր հատուկ տեխնիկա։
Շուրջ երեք օր հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել աղբավայրի մոտ 4 հա տարածքում՝ օգտագործելով ընդհանուր թվով մոտ 314 տոննա ջուր:
Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Ա․ Գրիգորյանը, Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ փ/ծ փոխգնդապետ Մ․Մնացականյանը, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Ա․ Հարությունյանը: