Հայաստանում վերջին անգամ մարդահամարն անցկացվել է 2011 թվականին: 1lurer.am-ի հետ զրույցում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը հայտնեց, որ այս տարի նորից մարդահամար պետք է անցկացվեր, բայց կորոնավիրուսի հետևանքով մեկ տարով հետաձգվել է:
«Սովորաբար մարդահամարները 10 տարին մեկ են անցկացվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք շատ թանկ հաճույք են վիճակագրական մարմինների համար: Դրանք 10 տարվա միջակայքում հիմք են հանդիսանում շատ ցուցանիշների օգտագործման համար: Դա իրականացվում է ՄԱԿ-ի պահանջների համաձայն, բայց երկրներ կան, որ այդ 10 տարին մեկ էլ չեն կարողանում անել»,- ասաց Կույումջյանը:
Նա հայտնեց, որ բնակչության թվաքանակի ընթացիկ վիճակագրությամբ՝ ապրիլի 1-ի դրությամբ, Հայաստանի բնակչության թիվը եղել է 2 միլիոն 956 հազար 900։ 2011 թվականի մարդահամարի արդյունքներով՝ Հայաստանում բնակչության կազմում միգրանտների համակցությունը կազմում է 6,6 տոկոս․ նրանք այն մարդիկ են, որոնց ծննդավայրը Հայաստանը չէ:
1lurer.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նաև Հայստանում ապաստան հայցողներին, ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանն էլ տեղեկացրեց, որ սկսած 1999 թվականից ՀՀ-ում ապաստան է հայցել ավելի քան 3800 օտարերկրացի, և փախստական են ճանաչվել ավելի քան 2360-ը:
«2019 թ. ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունը 116 մարդու շնորհել է փախստականի կարգավիճակ: Այս տարվա առաջին կիսամյակում ունեցել ենք մոտ 100 ապաստան հայցող, փախստականի կարգավիճակ ստացել է նրանց մոտ 40 տոկոսը»,- ասաց Դավթյանը:
Փախստականներին առնչվող հիմնահարցերի վերաբերյալ 1lurer.am-ի հետ զրույցում Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գործակալության արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը հայտնեց, որ փախստականների համար առաջնային խնդիրը, որին բախվում են, լեզվի իմացության հարցն է: Հայրապետյանն ընդգծեց, որ եթե անգամ էթնիկ հայ են, դարձյալ այդ խնդրին առնչվում են՝ արևմտահայերենի ու արևելահայերենի առումով: Նրա խոսքով՝ խնդիրներից է նաև իրավունքների իմացության անհրաժեշտությունը:
«Փախստական տերմինը կիրառվեց 1951 թվականին, երբ ընդունվեց փախստականների վերաբերյալ Ժնևյան կոնվենցիան: Փախստականի ստատուսը պաշտպանության կարգավիճակ է, որը նշանակում է, որ այն երկիրը, որը փախստականին տվել է կարգավիճակ, պետք է ապահովի տանիքի, սննդի ու առաջին անհրաժեշտության իրերի տրամադրումը»,- ասաց Հայրապետյանը՝ նշելով, որ վերջին տարիներին մեծ մասամբ եկել են Եմենից՝ պատերազմի պատճառով, Աֆղանստանից՝ հետապնդումների, իսկ ընդհանրապետ փախստականների մեծ մասը մատնանշում է անհատական խնդիրները:
«Շատ մեծ կապ ունի, թե արդյոք դրանք այն փաստարկներն են, որոնց հիման վրա կարող են ստանալ փախստականի կարգավիճակ: Պետք է լինեն հիմքեր, որոնցով որոշվում է, որ տվյա անձը կարող է ստանալ փախստականի կարգավիճակ, քանի որ չի կարող վերադառնալ դեպի հետապնդում, ինչը կարող է վերածվել անգամ խոշտանգման»,- ասաց Հայրապետյանը:
Նա նշեց, որ ՄԱԿ-ի, միջազգային այլ կառույցների և պետության գերխնդիրն է լինում նրանց տանիքով, սննդով, կրթությամբ ապահովելը: «Եթե ունեն ջիղ անհատ ձեռներեց դառնալու, փոքր բիզնես հիմնելու, տալիս ենք աշխատանքային գործիքներ, հարկ եղած դեպքում՝ դրամաշնորհ, ներգրավում ենք ինտեգրացիոն զարգացման ծրագրերում: Շատ հաճախ հենց փախստականների համայնքը, երբ ոտքի է կանգնում, կամավորական գործունեություն է ծավալում ու ամեն կերպ աջակցում խոցելի փախստականներին»,- ասաց Հայրապետյանը:
ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ փախստական կանանցից շատերը, հատկապես ՄԵրձավոր Արևելքից եկածները, նախկինում աշխատանքային գործունեություն չեն ծավալել, և հենց Հայաստանն է դարձել նրանց բիզնեսի ստեղծման օջախը, նպաստել հզորացմանը:
«Մենք հետևում ենք, որ այստեղ նրանց աշխատանքը գրանցվի, ստվերային չլինի, օգտվեն կորոնավիրուսի դեմ պայքարի աջակության փաթեթներից, որոնք տրամադրում է պետությունը: Մեր վերջին ամիսների փորձը ցույց տվեց, թե որքան կարևոր է գրանցված աշխատելը, որպեսզի կարողանան օգտվել նման ծրագրերից», -ասաց Հայրապետյանը: Նա ընդգծեց, որ իշլի քյուֆթան, որը կանանցից շատերը պատրաստում էին ընտանիքի համար, այստեղ դարձել է նրանց շահույթը՝ հոբբին վերածվեց բիզնեսի, եկամտաբեր աշխատանքի: Հայրապետյանի խոսքով՝ շատ բիստրոներ, սրճարաններ ու ռեստորաններ բացվեցին, որոնց շեֆ խոհարարները մեծ մասամբ սիրիահայ կանայք են:
1lurer.am-ը զրուցեց փախստականի կարգավիճակ ստացած, բայց արդեն իր սեփական բիզնեսով զբաղվող Սիրիայից եկած Սիլվա Կալաջյան-Թութունջյանի հետ: Նա արդեն 8 տարի է՝ Հայաստանում է: Սիլվան պատմեց՝ սկզբում շատ դժվար է եղել, երկու տարի չի աշխատել՝ փորձում էր ինտեգրվել: Ձեռքի աշխատանքների շնորհիվ տարբեր ցուցահանդեսների է մասնակցել, մի քանի տարի էլ այդպես անցկացրել, մինչև որոշել ու բացել է իր անհատական բիզնեսը: Անհատ ձեռներեցն այսօր ունի հարսանյաց պլանավորման սրահ՝ հարսանեկան ծառայություններ է մատուցում: Լուսանկարիչ ամուսնու հետ էլ մեկ այլ բիզնես է հիմնել՝ լուսանկարչական ստուդիա են բացել ու ֆոտոշարքեր են կազմակերպում:
«Ես որպես կին ոչ մի խոչընդոտի էլ այստեղ չհանդիպեցի: Ինչ եկել եմ՝ ցանկություն չունեմ Հայաստանից մեկնելու: Այստեղ, ճիշտ է, քիչ-քիչ, բայց բոլոր երազանքներս իրականացնում եմ: Սկզբում տոնածառի խաղալիք էի պատրաստում թափվելիք իրերից, իսկ այսօր արդեն հանդես եմ գալիս որպես անհատ ձեռներեց: Պետք է պարզապես ձգտել՝ անհնար ոչինչ չկա»,- ասաց Սիլվան:
Սիրիահայ փախստական կանանցից Անի Յակուբյանն էլ թեև դեռ իր անհատական բիզնեսը չունի, բայց ձեռքի յուրօրինակ ուլունքագործ աշխատանքներով համագործակցում է նորաձևության սրահների հետ:
«Գիտեք՝ սկզբում շատ դժվար էր, առաջին տարին մարդ չէինք ճանաչում, բայց սկսեցինք աշխատել, ու աշխատանքը ստեղծեց ծանոթությունների նոր միջավայր: Հիմա ամեն կտորի վրա ուլունքներով նախշեր պատրաստելիս մեր հայկական երաժշտությունն եմ լսում ու երգում: Ամեն աշխատանքն անելիս ասում եմ՝ երանի այն անձին, որ այս զգեստը պետք է հագնի»,- ասաց Անին:
Փախստական կանայք 1lurer.am-ի հետ զրույցում շեշտեցին, որ ցանկացած աշխատանքի պարագայում կարևոր են ոչ միայն ձիրքը, այլև աշխատելու պատրաստակամությունը: