Այսօր աշխարհը տոնում է Բնակչության միջազգային օրը: Ի՞նչ իրավիճակ է մեր երկրի բնակչության առումով: Ի՞նչ խնդիրների առաջ են կանգնել հայաստանցիները: Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ 1lurer.am-ի հետ զրույցում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ցուցանիշները շարունակում են խնդրահարույց մնալ: 2020 թ. հունվարի 1-ի դրությամբ, նախորդ տարվա համեմատ, հանրապետության մշտական բնակչությունը նվազել է 6100-ով, իսկ 2016 թ․ հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչությունը նվազել է 39400-ով՝ կազմելով 2.959,2 հազար մարդ: 2020 թ. հունվարի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 36131 ծնունդ՝ նվազումը՝ 443-ով, իսկ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ ծնունդների թիվը նվազել է 5632-ով։
«Հարկ է նշել, որ ծնունդների տարեկան թվաքանակի նվազումը պայմանավորված է ինչպես սուբյեկտիվ (միգրացիոն անցանկալի գործընթացներ), այնպես էլ օբյեկտիվ իրողություններով: Ամուսնական տարիք են մուտք գործել 1990-ական թվականների երկրորդ կեսին ծնված ոչ մեծաքանակ սերնդի ներկայացուցիչները»,- ասաց Մարտիրոսյանը: Նա տեղեկացրեց, որ հանրապետությունում ժողովրդագրական քաղաքականության ոլորտում վերջին շրջանի աշխատանքները բխել են ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության (2009-2035 թթ.) և դրա իրականացումն ապահովող միջոցառումների դրույթներից:
Ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությամբ ամրագրված նպատակներին հասնելու համար ժողովրդագրական հավելաճ ապահովելու համար անհրաժեշտ է հիմնական բաղադրիչների՝ ծնելիության, մահացության, ամուսնության ու ամուսնալուծության և միգրացիայի, շարունակական բարելավում: Այս հարցում առաջնահերթ են հետևյալ ուղղությունները՝
-
ծնելիության մակարդակի բարձրացում ծնունդների խրախուսման ճանապարհով.
-
բնակչության առողջության, այդ թվում՝ վերարտադրողական, պահպանում, վաղաժամ մահացությունների, մանկամահացության և մայրամահացության նվազեցում.
-
ամուսնությունների կարգավորում և խրախուսում, երիտասարդ ընտանիքների բնակարանային պայմանների ապահովում.
-
միգրացիոն գործընթացների, տարածքային անհամաչափ զարգացման կարգավորում, ներգաղթի խրախուսում.
-
բնակչության ծերացում.
-
բնակչության կենսամակարդակ և զբաղվածություն:
Վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ, որի շրջանակում մշակվել, հաստատվել և 2020 թ. հուլիսի 1-ից գործում են «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ. պետական աջակցության հետևյալ ծրագրերը՝
-
միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար.
-
կանխավճարի ապահովագրության համար դրամական աջակցություն երիտասարդ ընտանիքներին.
-
երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին։
Սոնա Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ ներկայումս առավել մտահոգիչ են Հայաստանի գյուղական բնակավայրերում ծնելիության անկման տեմպերը։ Գյուղական բնակչության ծնելիության գումարային գործակիցը զիջում է քաղաքայինին:
Գյուղական բնակավայրերից մայրաքաղաք ներհոսքի վերաբերյալ 1lurer.am-ը զրուցեց ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի հետ: Նրա խոսքով՝ ներքին միգրացիան դեռևս 1991 թվականից առաջ է եղել, երբ Հայաստանում բացվում էին նոր արդյունաբերական ձեռնարկություններ, կային աշխատուժի պահանջ և գյուղական բնակավայրերից արտահոսք:
«Եթե դիտարկում ենք ԱՄՆ-ն, այնտեղ բնակչության ընդամենը 5 տոկոսն է ֆերմերային տնտեսությամբ զբաղվում: Այսինքն՝ արդյունաբերական երկրներում գյուղական բնակչության թիվը բավականին փոքր է, բայց մեզ մոտ այլ իրավիճակ է»,- ասաց Մարկոսյանն՝ ընդգծելով, որ գյուղական բնակավայրերը դատարկվում են, մասնավորապես, սահմանամերձ շրջաններից, ինչի արդյունքում անվտանգության խնդիր կարող ենք ունենալ, քանի որ տեղի բնակչությունը հանդիսանում է երկրորդ պաշտպանական գիծ: Ըստ մասնագետի՝ սահմանամերձ բնակավայրերը վերջին 30 տարիներին ավելի շատ դատարկվել են գործազրկության ու սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով: Նա շեշտեց, որ Երևանն այսօր գերկենտրոնացած է, և պետք է կարգավորել տարաբնակեցման համակարգը:
Մարկոսյանը նշեց, որ երիտասարդները հիմնականում գյուղական բնակավայրերում հետաքրքրություն չեն գտնում՝ ձգտելով գնալ քաղաքային միջավայր: Նա ասաց՝ այսօրվա խնդիրն է կարողանալ գյուղական բնակավայրերում զարգացնել սոցիալ-տնտեսական կյանքը, մոտեցնել այն քաղաքային միջավայրին, որտեղ կլինեն մշակութային և մարզական կենտրոններ, մարդիկ կկարողանան երեխաներին տանել այդ վայրերը, օրինակ՝ լողի: Նաև լինեն այլ հետաքրքրություններ: Մարկոսյանի խոսքով՝ մարզերում արդեն իրականացվում են նոր մանկապարտեզների ու դպրոցների կառուցմանն ու բարելավմանը միտված ծրագրեր:
1lurer.am-ի հետ զրույցում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հաղորդակցության պատասխանատու Մհեր Մանուկյանն էլ տեղեկացրեց, որ կազմակերպությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի մի շարք երկրներում զբաղվում է վերարտադրողական առողջության, բնակչության զարգացման խնդիրներով, ժողովրդագրական հիմնահարցերով: Նա ասաց՝ բոլոր ուղղություններով էլ առաջընթաց նկատվում է:
«Օրինակ՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումների առումով Հայաստանը բավականին լուրջ առաջընթաց գրանցեց վերջին հինգ տարիներին: Կարողացավ իջեցնել այդ հարաբերակցությունը նորածին տղաների և աղջիկների 115-100-ից մինչև 110-100 հարաբերակցության: Մեծ ճանապարհ դեռ ունենք անցնելու, բայց պետք է արձանագրենք այն որպես հաջողություն: Իհարկե, լուրջ խնդիրներ ունենք ժողովրդագրության ասպարեզում: Ծնելիության գործակիցը ցածր է պարզ վերարտադրության համար պահանջվող գործակցից, ինչը 2.1 է կազմում: Այսինքն՝ 1 կնոջ հաշվով միջինը կինն իր վերարտադրողական տարիքում եթե ունենում է 2.1 և ավելի երեխա, դա համարվում է պարզ վերարտադրությունից բարձր վերարտադրություն: Մեզ մոտ այդ ցուցանիշը կազմում է 1.6: Սա լուրջ խնդիր է, որի լուծման ուղղությամբ կառավարությունը, նաև մեր համեստ աջակցությամբ, ակտիվ քայլեր է ձեռնարկում»,- ասաց Մանուկյանը:
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ նախատեսվում է 2050 թվականին Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոնի, Մանուկյանն ասաց, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն իր կանխատեսումները ներկայացրել է կառավարությանը: Ըստ դրանց՝ այդ ընթացքում նաև Հայաստանի համար ժողովրդագրական «փոս» կլինի, երբ սկսի երեխաներ ունենալ այն սերունդը, որն ամենափոքրն է եղել ծնվածների թվաքանակով: Մանուկյանն ասաց, որ խոսքը 2000-2001 թվականների ամենափոքր թվով ծնունդների մասին է, որոնք 2025-2026 թվականներին իրենց վրա վերարտադրության առումով մեծ բեռ կվերցնեն:
Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը ևս 1lurer.am-ի հետ զրույցում ասաց, որ բնական աճի հաշվին 5 միլիոնի ցուցանիշին հասնելը դժվար է: Վերլուծությունները ցույց են տալիս, որ 2025-2026 թվականներին սպասվում է դեպոպուլյացիա: Նրա խոսքով՝ մեկնարկող ծրագրերը, որոնք ընտրել են վերլուծությունների կոնկրետ թիրախներ, իրականացվելով կկանխարգելեն այն:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարի փոխանցմամբ էլ՝ ժողովրդագրական գործընթացների համատեքստում պետք է նկատի ունենալ նաև այն, որ 2020-2040 թթ. վերարտադրողական ակտիվ տարիք է մուտք գործում 1996-2015 թթ. ծնված սերունդը, երբ արձանագրվել է ծնունդների ցածր ցուցանիշը։
«Դեռևս վերարտադրողական ակտիվ տարիքում է գտնվում նախորդ դարի 1980-ականների վերջի և 1990-ական թվականների առաջին կեսին ծնված սերունդը, երբ արձանագրվել է ծնունդների համեմատաբար բարձր ցուցանիշ։ Նշված հանգամանքները, ինչպես նաև բնակչության սեռատարիքային կազմի կանխատեսվող փոփոխությունները հիմք են տալիս ենթադրելու, որ առաջարկվող միջոցառումներն ամբողջ ծավալով իրականացվելու դեպքում հնարավոր կլինի կանխել դեպոպուլյացիայի վտանգը առաջիկա ժամանակահատվածում՝ ծնելիության գումարային գործակիցը պահելով 2-ի շրջանակներում»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը։