Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Washington Post պարբերականին տված հարցազրույցում պատասխանել է ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ հարցադրմանը: Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ չի ցանկանում Հյուսիսատլանտյան դաշինքից Միացյալ Նահանգների դուրսբերումը, սակայն դաշնակիցները պետք է ներդրումներ անեն:
Ինչպես ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը՝ Դոնալդ Թրամփի մասին գրքում է պնդում, Սպիտակ տան ղեկավարը 2018-ի գագաթնաժողովի ժամանակ ցանկանում էր ՆԱՏՕ-ի առաջնորդներին սպառնալ դաշինքից ԱՄՆ-ի դուրսբերմամբ, եթե նրանք չվճարեն ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով, որը, ըստ Թրամփի, նույնպես չափազանց քիչ է:
«Կային այնպիսի երկրներ, որ գրեթե ոչինչ չէին վճարում, սակայն այժմ արդեն վճարում են: Նրանք ինձ կարևոր հարց տվեցին՝ «Դուք կհեռանայի՞ք, եթե…»: Ես պատասխանեցի՝ «Այո, կհեռանայի»: Եթե նման պատասխան չեք տալիս, նրանք չեն պատրաստվում վճարել»: