Ազնավուրի հրապարակում այս հուլիսին թեև չի հնչի փողային նվագախումբը և կարմիր գորգ չի լինի, բայց հայկական կինոյի աստղերի շարքը կհամալրվի 2 նոր անունով` Հրանտ Մաթևոսյան և Աղասի Այվազյան, նրանք, որոնք իրենց մեծ գրականությունը բերեցին էկրան և ազգային կինոն խոսեց նրանց լեզվով: Հոբելյանական տարի է. նշում ենք Աղասի Այվազյանի 95 և Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակները: «Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրենի գնահատմամբ` նոր հայտնությունների լավ առիթ է:
Երևանյան կինոտոնն այս տարի տեղի կունենա նոյեմբերին: Կազմակերպիչները լիահույս են, որ մինչև այդ սահմանափակումները կթուլանան, և փառատոնը կիրականացնի բոլոր մրցութային ծրագրերը: Բայց հուլիսին՝ 13-16-ն առցանց ձևաչափով կգործի փառատոնային հիմնական ծրագրերից մեկը ՝ GAIFF Pro արտադրակրթական հարթակը, որն այս տարի 40 հայտ է ստացել։
Արդեն սկսվել են նախագծերն առցանց ներկայացնելու աշխատարանները, պանելային քննարկումներն էլ ներառում են թեմաների մեծ շրջանակ՝ համարտադրություն, փառատոնային ռազմավարություն, կինոժառանգության պահպանում, ֆինանսական հոսքեր և անգամ համավարակի ազդեցությունն աշխարհի կինոարտադրության վրա:
Հահամավարակի թելադրած և փառատոնային տոնի համար անսովոր պայմաններում կկարողանա՞ արդյոք երևանյան կինոփառատոնը լիարժեք ընթացք ունենալ: «Ոսկե ծիրանի» թիմն այս հարցում լավատես է և լիահույս՝ կինոտոնը կկայանա: