Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի՝ հուլիսի 10-ի նիստում հավանության է արժանացել ՀՀ ազգային անվտանգության նոր
ռազմավարությունը:
Ներկայացնում ենք փաստաթուղթն ըստ բաժինների:
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1.1 Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության (ԱԱՌ) գլխավոր նպատակը Հայաստանի և ՀՀ քաղաքացիների անվտանգ և առաջանցիկ զարգացման ու բարեկեցության ապահովման համար ուղենիշների սահմանումն է՝ հիմնվելով անկախ, ինքնիշխան և հզոր Հայաստանի Հանրապետության վրա՝ որպես այս նպատակի իրագործման երաշխավոր և աշխարհասփյուռ հայ ժողովրդի հայրենիք։ Ռազմավարությունը սահմանում է Հայաստանի ազգային շահերը և դրանց արդյունավետ պաշտպանության ռազմավարական ուղղությունները:
1.2 2007 թ. ՀՀ ազգային անվտանգության առաջին ռազմավարության ընդունումից ի վեր միջազգային և տարածաշրջանային անվտանգային միջավայրն էական փոփոխություններ է կրել՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները դարձնելով ավելի բարդ և բազմաշերտ: Փոխվել է նաև Հայաստանը: 2018 թ. Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության իրագործմամբ ՀՀ քաղաքացին բարձր նշաձող է սահմանել պետության անվտանգության, զարգացման և բարեկեցության ապահովման համար: Նոր համատեքստում Հայաստանի անվտանգային քաղաքականության առանցքը կառավարման ժողովրդավարական համակարգն է, որն ամուր հիմք է ստեղծում երկրի տնտեսական, քաղաքական, մտավոր, հետևաբար նաև ռազմական ներուժի հզորացման համար: Այս իրողությունները մեզնից պահանջում են ունենալ նոր, ավելի հավակնոտ Ազգային անվտանգության ռազմավարություն:
1.3 Ռազմավարությունը հիմնված է երեք հիմնարար սկզբունքների վրա: Առաջին՝ ուժեղ և բարեկեցիկ Հայաստանը սեփական անվտանգության երաշխավորն է։ Հայաստանի անվտանգության ապահովման համար հայոց պետության ուժն ու բարեկեցությունն այլընտրանք չունեն: Որպես պետություն, որը շահագրգռված է խաղաղության և կայունության պահպանմամբ և այդ ուղղությամբ անընդհատ կարողություններ է զարգացնում, Հայաստանը շարունակելու է ջանքեր ներդնել տարածաշրջանի խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման գործում իր որոշիչ դերակատարման ուղղությամբ:
Միաժամանակ, Հայաստանը կշարունակի մասնակցել միջազգային անվտանգության ապահովմանը՝ խաղաղության աջակցության միջազգային առաքելություններում հայ խաղաղապահների ներգրավման միջոցով` որպես ոչ միայն միջազգային անվտանգության սպառող, այլ նաև ապահովող:
1.4 Երկրորդ՝ իր տրամաբանությամբ ռազմավարությունը կոչված է նպաստելու հեռահար նպատակին՝ հայոց պետականության հավիտենության ապահովմանը՝ մեզ պատրաստելով դիմակայելու մեր պետականությանը երբևէ սպառնացող հնարավոր վտանգներին:
Հայ ժողովուրդն այլևս պետք է հաղթահարի իր պետականության ձեռքբերման և կորստի արատավոր շրջապտույտը, որը տեղի է ունեցել նախկինում՝ հաճախ պայմանավորված մեզնից անկախ աշխարհաքաղաքական հանգամանքներով: ՀՀ քաղաքացին և հայ ժողովուրդն այլևս պետք է հաստատի իր ինքնակայությունը հայոց պետականության հարցում, որի գոյությունը կախված չէ աշխարհաքաղաքական հանգամանքներից, այլ բխում է միայն հայ ժողովրդի կամքից: Այս նպատակի իրագործումը ենթադրում է համահայկական ջանքերի և կարողությունների մեկտեղում: Հայոց պետականությունը՝ որպես հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացում, պատկանում է ՀՀ քաղաքացուն և համայն հայ ժողովրդին, որոնք էլ այդ պետականության կրողն են և շահերի պաշտպանը:
1.5 Երրորդ՝ մշտապես փոփոխվող աշխարհում առաջնային է դառնում զարգացնել Հայաստանի ներքին և արտաքին դիմակայունությունը՝ նոր, անկանխատեսելի մարտահրավերներին միշտ պատրաստ լինելու և դրանց արդյունավետորեն արձագանքելու համար: Այսպես, աշխարհաքաղաքական ծավալուն և հարընթաց փոփոխությունների պայմաններում ժամանակակից աշխարհակարգի հիմնարար սկզբունքների շուրջ ստեղծվել է անորոշություն. տեղի են ունենում ուժային վերադասավորումներ, թուլանում են միջազգային բազմակողմ հարթակները, իսկ պետությունների միջև փոխվստահությունը նվազում է:
Ավանդական կանխատեսելի սպառնալիքներին հակազդելու անհրաժեշտությունից զատ պետությունների և հասարակությունների առջև ծառանում է նաև անկանխատեսելի սպառնալիքներին դիմակայելու հրամայականը: Սրա ամենավառ օրինակը նոր տիպի կորոնավիրուսային համավարակի բռնկումն էր, որը հանկարծակիի բերեց աշխարհի առաջատար երկրների առողջապահական համակարգերը և համաշխարհային տնտեսությունը կանգնեցրեց ճգնաժամի առջև: Հենց դիմակայունության զարգացման տրամաբանությանն է միտված Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը՝ հիմնված լինելով ազգային անվտանգության պլանավորման և ապահովման համազգային մոտեցման վրա:
Ազգային անվտանգության համալիր ապահովման համար անհրաժեշտ է պետական կառավարման ողջ համակարգի, ինչպես նաև հասարակության ջանքերի մեկտեղում: Պատահական չէ, որ ռազմավարությունն ընդգրկում է անվտանգության ապահովման ինչպես արտաքին քաղաքական և ռազմական, այնպես էլ այլ՝ սոցիալական, տնտեսական, էներգետիկ, առողջապահական, գիտական, տեղեկատվական-տեխնոլոգիական բաղադրիչներ:
1.6 Փոփոխվող աշխարհի սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու, սեփական անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովողի իր դերն արդյունավետ իրականացնելու համար Հայաստանը շարունակելու է մեծացնել իր միջազգային կշիռը։ Այս նպատակով Հայաստանը զարգացնելու է բոլոր ուժային գործիքակազմերը, այդ թվում՝ «փափուկ ուժի» կարողությունները՝ շեշտը դնելով իր կարևորագույն ռեսուրսի՝ մարդկային կապիտալի վրա: Ընդ որում, մարդկային կապիտալը ևս դիտարկվում է աշխարհասփյուռ հայության ուժերի մեկտեղման համատեքստում:
(շարունակելի)