6-7 տարի առաջ, երբ մասնագետները բարձրացան Մայր տաճարի գագաթ՝ գմբեթները խոտածածկից մաքրելու, նկատեցին՝ կառույցը վերից վար վթարային է։ Գմբեթը, թմբուկը, սյուները, վնասված են, քարերն իրարից հեռացած, վեղարը՝ ճաքած։
Հայ և արտասահմանցի մասնագետների խումբն ուսումնասիրեց ու հաստատեց՝ տաճարը պետք է հիմնանորոգվի։ Նախագծին հավանություն տվեց նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն, քանի որ Մայր տաճարն ընդգրկված է այդ կառույցի համաշխարհային ժառանգության ցանկում։ Շինարարությունն արդեն սկսել էին, երբ հասկացան՝ ընթացքը երկարելու է, շահագործման ժամկետը՝ փոխվելու։
Ամուր կառույց ունենալու լուծումները գտնվել են․ նորարար միտքն ու արդի տեխնոլոգիաները Հոգևոր Մայր տաճարի կյանքը ևս մեկ դարով երկարացնելու հնարավորություն են տալիս։ Գմբեթից մինչև ներքին ու արտաքին պատեր ամրացվում են, նույնը նաև բոլոր զանգաշտարակներին է վերաբերում։ Մեծ քարերը, որոնք մասնագետները գտել են բազմադարյա կառույցի քարե շերտերի տակ, ասում են՝ Մայր տաճարի հիմնական բազիսն են։
Տաճարի վերանորոգման ընթացքում նաև 4 բացառիկ խոյակներ են հայտնաբերվել, որոնք վնասված ու սքողված են եղել շաղախի տակ։ Զանգաշտարակներն այսուհետ ևս պաշտպանված կլինեն։ Եվ, որպեսզի ղողանջների տատանումներից աշտարակների ամրությունները չխարխլվեն, կկիրառվեն նորարար տեխնոլոգիաներ։
Համավարակը փոքր ինչ դանդաղեցրել է տաճարի շինաշխատանքների ընթացքը։ Ճիշտ է՝ գործը մայիսից վերսկսել են, բայց դեռևս բացօթյա աշխատանքների համար։ Քովիդի պատճառով նաև նվիրատվություններն ու հանգանակություններն ուշացան։ Կարճ տևեց, մեկենանսները նորից ակտիվացել են։
Մանրամասները` տեսանյութում: