Սրբիչների՝ սմայլիկով պատից մինչև ննջասենյակ ամեն ինչ քանդած է: Անգամ եթե կորոնավիրուսը երեխաներին մանկապարտեզից տուն չուղարկեր, այս փուլում առնվազն 10 նախակրթարան մայրաքաղաքում չէր աշխատելու՝ կապիտալ շինարարության պատճառով: Բանվորները մի տեղ ջրի ու կոյուղու միացումներն են անում, մյուսում՝ հոսանքի:
էլեկտրաէներգիայի հետ կապված ամեն ինչ հատակից 1.5 մետր բարձրության վրա է: Վերակառուցման ամբողջ աշխատանքն իրականացնում են երեխաների անվտանգության համար ցուցված ստանդարտներով: Ի դեպ, նորոգվող մանկապարտեզներն առաջին անգամ Երևանում նաև ջերմամեկուսացնում են:
Հերմետիկությունը երեխաներին ձմռանը տաք, ամռանը հով կպահի: Շենքերն էներգախնայող դարձնող ջերմամեկուսացման պահանջը եղել է շինարարական այս տարվա մրցույթների պարտադիր բաղադրիչը: Որպեսզի տնտեսած գումարով համայնքային բյուջեները կարողանան այլ գործ անել՝ շինարարի հետ զրույցում բացատրել է Հայկ Մարությանը: Հետաքրքրվել՝ որակի համար քանի՞ տարի են երաշխիք տալիս:
Մուտքից մինչև տանիք նորոգելուց հետո՝ մանկապարտեզների խոհանոցում նոր տեխնիկա ու օդափոխության համակարգ կտեղադրվի: Կթարմացվի խմբերի գույքը: Նախատեսվող ծախսում, ըստ քաղաքապետ Մարությանի, ներառել են նաև նախորդ տարի տապալված մրցույթների գումարը:
Աշխատանքային գրաֆիկի համաձայն՝ մանկապարտեզների նորոգումը բանվորները պետք է ավարտեն մինչև տարեվերջ: Խոստանում են՝ շենքերը ոչ միայն ավելի լուսավոր ու գունավոր, այլև ընդարձակ դարձնել: 76-րդ նախակրթարանում, օրինակ, 2 մասնաշենք է ավելանալու, որտեղ 8 նոր խումբ կբացեն ու կընդունեն ևս 250 երեխայի: