Թբիլիսիում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովին կրկին կանչել են Վրաստանի արտգործնախարարություն: Արտաքին գործերի գերատեսչությունը նշել է երկու երկրների միջև ռազմավարական հարաբերություններն ու բարեկամությունը, ևս մեկ անգամ մտահոգություն հայտնել Միխեիլ Սաակաշվիլիի կողմից վրացական իշխանություններին ուղղված վերջին քննադատական հայտարարությունների կապակցությամբ, հայտնում է EADaily-ն:
Սաակաշվիլին Ֆեյսբուքի էջում հայտնել էր, թե չի ճանաչում վրաստանյան ներկա կառավարության լեգիտիմությունը: Նա ընդգծել է նաև, որ Վրաստանում հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում «առաջնագծում» է լինելու:
Ըստ Վրաստանի պաշտպանության և անվտանգության խորհրդարանական կոմիտեի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլիի` Սաակաշվիլին ուկրաինական իշխանության ներկայացուցիչ է, հանրային դեմք, հետևաբար Վրաստանի կառավարության լեգիտիմությանը վերաբերող նրա հայտարարությունը անարձագանք չի մնա, իսկ պատասխանը պետք է տա Ուկրաինայի ղեկավարությունը:
Ըստ վրաց պաշտոնյայի` իր քարոզչական հայտարարություններով Սաակաշվիլին միջամտում է Վրաստանի ներքին գործերին: