Ժամեր առաջ Էրդողանի ստորագրությունը հայտնվեց պատմական սկանդալային փաստաթղթի տակ՝ որոշվեց Սուրբ Սոֆիան կրկին դարձնել մզկիթ։ Թուրքիայի Պետական խորհուրդը չեղարկեց 1934 թվականի կառավարության որոշումը, որը Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարին տվել Էր թանգարանի կարգավիճակ: Թուրքիայի իշխանությունները օրինական հնարավորություն ստացան փոխելու կոթողի կարգավիճակը՝ թանգարանից վերածելով մզկիթի։
Սուրբ Սոֆիան հիմնադրվել է բյուզանդական կայսր Հուստինիանոս I-ի հրամանով: Գրեթե 1000 տարի որպես քրիստոնեական Բյուզանդիայի գլխավոր տաճար ծառայած Սուրբ Սոֆիան մզկիթի է վերածել օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհը 1453-ին՝ Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո։ 1930-ին 4 տարով փակվելուց հետո Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ վերածվել է թանգարանի։
Ուղղափառ աշխարհն արդեն տևական ժամանակ քննարկում ու քննադատում է աշխարհի ամենահայտնի կառույցը մզկիթի վերածելու գաղափարը: Թուրքիային այդ քայլից հրաժարվելու կոչեր են արել ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ Հայտարարություն է տարածել նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը: Նա այդ քայլն անվանել է սպառնալիք քրիստոնեական քաղաքակրթության, հոգևորականության ու պատմության համար:
Բյուզանդական ճարտարապետության մարմնավորումը համարվող տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կառույցների ցանկում: «ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է տեղյակ լինի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի ցանկացած փոփոխությունից, որը հնարավոր է՝ անհրաժեշտ ուսումնասիրության կարիք ունենա Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի կողմից...». սա հատված է կառույցի հայտարարությունից: