ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կազմող բաժնեմասի օտարմանը համաձայնություն տալու մասին հարցը:
Հանձնաժողովը համաձայնություն տվեց «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օտարելուն։
Նշենք, որ սրան զուգահեռ «ՎԵՈՆ Արմենիա»-ի մի քանի տասնյակ աշխատակից բողոքի ակցիա է իրականացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց։ Նրանք չեն ցանկանում, որ ընկերությունը վաճառվի։ Աշխատակիցները հրաժարվում են լրատվամիջոցների հարցերին պատասխանել՝ նշելով, որ չեն բողոքում, պարզապես կանգնած են։
Հիշեցնենք, որ ի սկզբանե «ՎԵՈՆ Արմենիա»-ն իր բաժնետոմսերը պատրաստվում էր վաճառել «Յուքոմ»-ին, սակայն Եսայան եղբայրների՝ «Յուքոմ»-ից հեռանալուց հետո ընկերությունը հետ վերցրեց վաճառքի վերաբերյալ դիմումը, այնուհետև, երբ Եսայանները ստեղծեցին «Թիմ» ընկերություն, «ՎԵՈՆ Արմենիա»-ն հայտ ներկայացրեց ընկերության բաժնետոմսերը նրանց վաճառելու։