Կրթությունը Կոտայքի մարզային իշխանությունների հռչակած առաջնահերթություններից է, և այս ոլորտում ևս շինարարական բուռն շրջանի մեկնարկ է սպասվում՝ հաղորդում են Շիրակի մարզպետարանից։
Մարզի 5 դպրոց այս տարի կկառուցվի և կվերակառուցվի մի շարք ծրագրերի շրջանակներում.
-
Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց.
-
Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոց.
-
Հրազդանի թիվ 10 ավագ դպրոց.
-
Կաթնաղբյուրի հիմնական դպրոց.
-
Ջրառատի միջնակարգ դպրոց:
ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում այս տարի Կոտայքի մարզում կապամոնտաժվեն և կվերակառուցվեն սեյսմիկ անվտանգության տեսանկյունից խոցելի և կրթական գործընթացի համար անհրաժեշտ քաղաքաշինական բարելավման ենթակա 2 դպրոց՝ Աբովյանի թիվ 2 և Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցները:
Այս դպրոցները ճանաչվել են սեյսմավտանգ, ուստի ենթակա են քանդման և վերակառուցման:
Վերակառուցումից հետո դպրոցները բավարարելու են ժամանակակից քաղաքաշինական և կրթական պահանջարկի բոլոր չափանիշներին, մասնավորապես՝ սեյսմակայուն են լինելու առնվազն 9 բալ երկրաշարժի դեպքում: Նորակառույց դպրոցները մատչելի կլինեն նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար:
Անդրադառնանք Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցին, որը 3-րդ աստիճանի վթարային է ճանաչված և արդեն պետական բյուջեի միջոցներով հիմնովին կքանդվի և կվերակառուցվի` նախատեսված շուրջ 600 աշակերտի համար: Ներկայումս աշակերտների թիվը 345 է:
Դե իսկ, Կառավարության «Փոքր թվակազմ ունեցող դպրոցների կառուցում» ծրագրի շրջանակում նախատեսվում է 2020 թ. Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում կառուցել մոդուլային շենքերով ամբողջովին նոր դպրոցներ:
Մինչև 100 երեխայի համար նախատեսված հանրակրթական դպրոցները ծառայելու են ոչ միայն որպես ուսումնական հաստատություններ, այլև կատարելու են մշակութային տների գործառույթներ:
Նշենք, որ Կաթնաղբյուր համայնքում արդեն դիտարկվել է այն հատվածը, որտեղ կկառուցվի նոր դպրոցի շենք, իսկ Ջրառատում մոդուլային դպրոցը նախատեսված է կառուցել գործող դպրոցի հարակից տարածքում:
Որոշ դպրոցների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ընդունման մրցույթներն արդեն հայտարարված են: