Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում։
Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացել է Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի հանրապետական նշանակության 2 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին։
Արմավիր քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ` պատվիրակությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության: 983.4 մլն դրամ ընդհանուր բյուջեով ծրագրի շրջանակում, բացի ճանապարհահատվածի հիմնանորոգումից, կառուցվելու է ամբողջովին նոր ջրահեռացման համակարգ, նորոգվելու են նաև մայթերը, փոխվելու են եզրաքարերը:
Պետբյուջեից հատկացված 518 մլն դրամ ֆինանսավորմամբ կհիմնանորոգվի նաև Երվանդաշատ-Բագարան 6,7 կմ ճանապարհահատվածը։
Այցի շրջանակում նախարար Սուրեն Պապիկյանը Բագարան համայնքում հետևել է ճանապարհի վերանորոգման ընթացքին, որտեղ այս պահին իրականացվում են ջրահեռացման համակարգի անցկացման և հողային աշխատանքներ։ Շինարարական ընկերության ներկայացուցիչների հետ զրույցում նախարարը քննարկել է աշխատանքների ժամանակացույցին վերաբերող հարցեր՝ հորդորելով
աշխատանքներն իրականացնել սահմանված ժամկետներում և պատշաճ որակով։
Ճանապարհահատվածի բարեկարգման անհրաժեշտության մասին նախարարը բարձրաձայնել էր անցած տարի սահմանամերձ Երվանդաշատ և Բագարան համայնքներում անցկացված «Փառատոնը սահմանին» խորագիրը կրող միջոցառումից հետո։ Բարեկարգ ճանապարհը կնպաստի տարածաշրջանում ներգնա զբոսաշրջության զարգացմանը՝ զբոսաշրջիկների համար հասանելի դարձնելով հնագույն մայրաքաղաքների պատմությունն ու անկրկնելի բնապատկերը։