Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց ավտոճանապարհային երթևեկության խնդիրների մասին:
«Երեկ խորը ցավով տեղեկացա, որ Արցախի Հանրապետության Ստեփանակետ-Ասկերան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով ունենք տուժած 5 քաղաքացի: Պատահարը տեղի է ունեցել Volkswagen Golf և Ford Transit մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ: Նախնական տվյալներով՝ պատահարի պատճառը Volkswagen Golf-ի հանդիպակաց գոտի դուրս գալն է:
Բժիշկները 5-ից երկուսի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, մեկինը՝ կայուն ծանր: Հինգից երկուսը երեկ զորացրված զինվորներ են»,- մանրամասնեց նախագահը՝ հավելելով, որ վերջին 15 օրվա ընթացքում երկրորդ նման դեպքն է:
Ընդհանուր առմամբ երկրի ավտոճանապարհային պատահարներից զոհերի թվին անդրադառնալով՝ նախագահը նշեց, որ անցած տարի Արցախում 6 ամիսների ընթացքում եղել է 9 զոհ, այս տարի՝ 6, բայց վիրավորների թիվն անցած տարի առաջին կիսամյակում եղել է 54, իսկ այս տարի՝ 38:
«10 տարում մեր ՃՏՊ-ներից զոհվել է 255 մարդ, որը շատ մեծ թիվ է, չափազանց մեծ թիվ է: Դրա համար մենք շատ խիստ պայքար ենք սկսելու ճանապարհային երթևեկության կանոնները պահելու առումով: Չի լինելու մեր երկրում արտոնյալ: Ճանապարհային կարգ ու կանոնը լինելու է մեր երկրի համերաշխության և օրենքի գերակայության գլխավոր ուղղություններից մեկը: Պայքար բոլոր նրանց դեմ, ովքեր խախտում են կանոնները: Ովքեր խախտում են կանոնները, չեն հարգում մեր երկիրը»,- նշեց Հարությունյանը:
Նախագահը կոչ արեց քաղաքացիներին օգնել պետությանը, նկարել խախտումները, ֆեյսբուքով տարածել, դիմել համապատասխան մարմիններին: