Այսօր Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ու ՀՀ ոստիկանությունը շարունակել են կրկնակի ստուգայցերի գործընթացը։
Տեսչական մարմնի մասնագետները ՀՀ պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքներն իրականացրել են վարչական շրջանի հանգստի գոտիներում, որտեղ վաղ առավոտյան այցելուներն ավելի հաճախ զբաղվել են մարմնամարզությամբ՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը։
Եզակի են եղել տարեցների կողմից սեղանի ժամանցային խաղերի ընթացքում առնվազն 1.5 մ սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքերը, որոնք տեղում շտկվել են։
Համաճարակի հետագա տարածման կանխարգելմանն ուղղված իրազեկման և բացատրական աշխատանքներին զուգահեռ տեսուչները շարունակել են տրամադրել դիմակներ և կոչ արել տան պայմաններում պատրաստված կտորե դիմակները հենց տեղում փոխարինել իրենց տված գործարանային արտադրության եռաշերտ դիմակներով, նաև հիշեցրել ոչ ավել, քան 3 ժամը մեկ փոխելու կանոնի մասին։
Հիշեցնենք, որ վերջին օրերին կրկնայցերի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել։ Տեսչական մարմնի աշխատակիցների ցուցումով ոստիկանների կողմից արձանագրություններ չեն կազմվել, ինչը ևս մեկ անգամ հավաստում է խախտումների նվազման դրական դինամիկայի մասին։
Արտակարգ դրության պայմաններում իրականացվող ուժեղացված ստուգայցերը շարունակական են։