ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել ամերիկյան ռեփ երաժիշտ Քանյե Ուեսթի որոշմանը՝ պայքարելու երկրի բարձրագույն պետական պաշտոնի համար, բայց կարծում է, որ երգիչը, ի վերջո, կաջակցի հանրապետականներին: Այս մասին ամերիկացի առաջնորդն ասել է Fox News-ին:
«Ինձ դուր է գալիս, որ նրա ձայնը լսելի է, նա միշտ եղել է և կլինի մեզ հետ»,- ասել է Թրամփը, բայցև շեշտել է, որ Ուեսթը բաց է թողել որոշ նահանգներում թեկնածությունը գրանցելու ժամկետները:
Ուեսթը հուլիսի 4-ին Twitter-ում գրել էր, որ մտադիր է առաջադրել իր թեկնածությունը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում, իսկ հուլիսի 8-ին Forbes ամսագրին տված հարցազրույցում հստակեցրել էր, որ այս տարվա ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու է որպես անկախ թեկնածու: Ուեսթը նշել է, որ այլևս չի պաշտպանում Թրամփին՝ չնայած որ վերջին տարիներին նրա կողմնակիցն է եղել: 2018-ին երաժիշտն ասել է, որ Թրամփի «Ամերիկան նորից հզոր դարձնենք» նախընտրական կարգախոսը վիրավորական է աֆրոամերիկացիների համար:
Երգիչը բազմիցս հայտարարել է, որ չի բացառում Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար պայքարելու հնարավորությունը: Նա, սակայն, խոստովանել էր, որ այդ պաշտոնի համար կարող է մասնակցել 2024 թվականի ընտրություններին:
Ապրիլին Forbes ամսագիրը Քանյե Ուեսթին ճանաչել է միլիարդատեր: Նրա ունեցվածքը գնահատվում է մոտ 1,3 միլիարդ դոլար, իսկ Ուեսթը Միացյալ Նահանգների ամենահանրաճանաչ ռեփ կատարողներից մեկն է: Երգիչը ստացել է ավելի քան 20 Գրեմմի մրցանակ:
ԱՄՆ նախագահի 59-րդ նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին: Նախագահի պաշտոնի համար առայժմ պայքարում են դեմոկրատ թեկնածու, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, երկրի ներկա նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը: