Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև Zoom հարթակի միջոցով տեղի է ունեցել առցանց քննարկում՝ տեղեկացնում են այգու լրատվական բաժնից։
Քննարկման ընթացքում կենդանաբանական այգու մասնագետները ներկայացրել են «Կենդանաբանական այգու հիմնական նպատակները, խնդիրներն ու գործառույթները», այնուհետև այն շարունակվել է ինտերակտիվ՝ հարց ու պատասխանի ձևաչափով։
Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանը ողջունել է այս նախաձեռնությունը և նշել, որ կենդանաբանական այգին որդեգրել է նոր քաղաքականություն, այն է՝ շարունակաբար նախաձեռնել, մշակել և ներդնել գիտակրթական ծրագրեր և նոր գործիքներ այգու վերազինման համար։ Սիմոնյանը հույս է հայտնել, որ ուսանողների ներգրավվածությունը այգու աշխատանքներում կնպաստի նրանց և՛ տեսական, և՛ հատկապես գործնական գիտելիքների կատարելագործմանը։
ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արևիկ Աբովյանի խոսքով՝ լինելով իր տեսակի մեջ միակ կառույցը՝ ԵԿԱ-ն կարևոր նշանակություն ունի ոլորտի կրթական և գիտական հատվածի համար՝ ուսումնասիրություններ կատարելու, փորձ ձեռք բերելու, նոր գիտելիքների և մրցունակ կրթություն ստանալու նպատակով։
Վլադիմիր Սիմոնյանը և Արևիկ Աբովյանը շնորհակալություն են հայտնել միմյանց ստացված ու արդյունավետ համագործակցության համար և հույս են հայտնել, որ նման միջոցառումները կլինեն շարունակական ու վերջնարդյունքը դրական խթան կհանդիսանա ոլորտի հետագա զարգացման գործում։
Կենդանաբանական այգին ներկայումս սկսել է իրականացնել աշխատանքներ այգու թե՛ գիտական, թե՛ կրթական և թե՛ մշակութային կարողությունները զարգացնելու, հնարավոր խնդիրները գնահատելու և կրճատելու, այգու ներուժը կատարելագործելու և այգու հիմնական կանոնադրական նպատակների իրականացման համար։