Այսօր տեղի է ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից երիտասարդների, կանանց զբաղվածության հարցերով խորհրդի առաջին նիստը, որն անցկացվել է առցանց տարբերակով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը ներկայացրել է խորհրդի գործառույթները և ոլորտում իրականացվող գործողությունների շրջանակը: Փոխնախարարը խոսել է նաև զբաղվածության պետական ծրագրերը երիտասարդների և կանանց համար առավել մատչելի և գրավիչ դարձնելու անհրաժեշտության մասին:
Նշենք, որ խորհրդի նախագահը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն է, իսկ խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպությունների, համապատասխան նախարարությունների ներկայացուցիչներ, երիտասարդական աշխատողներ, երիտասարդների և կանանց զբաղվածության փորձագետներ, հետազոտողներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք՝ առնվազն 20 հոգի, ովքեր երիտասարդների, կանանց զբաղվածության հիմնախնդիրների ոլորտում ունեն առնվազն 5 տարվա աշխատանքային փորձառություն և որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:
Խորհրդի գործունեության հիմնական նպատակը ‹‹Աշխատիր Հայաստան›› ռազմավարական ծրագրի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը վերապահված միջոցառումների և երիտասարդական ոլորտում իրականացվող զբաղվածության ծրագրերի համակարգվածության և միասնականության ապահովումն է: