Հուլիսի 7-ին հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել 17-ամյա մի պատանու։
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին հաջողվել է պարզել, որ նա վնասվածքն ստացել է Մոլդովական փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Տուժածից հաղորդում է ընդունվելց։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ձեռնարկվել են համալիր միջոցառումներ` կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Շուտով հայտնի է դարձել, որ նույն օրը, ժամը 16.00-ին, Մոլդովական փողոցում պատանուն թիկունքից դանակավ խփել է ոմն Գևորգ:
Նոր Նորքի քրեական հետախույզները ճշտել են կասկածվողի ինքնությունը. Քանաքեռում բնակվող 18-ամյա երիտասարդ է։ Հուլիսի 8-ին նա հայտնաբերվել է, բերման ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը: Քննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: