Վրաստանում չի հաջողվել պարզել կորոնավիրուսի 5 դեպքից մեկի վարակման աղբյուրը: Չորսը միջազգային ուղևորափոխադրումներով զբաղվող բեռնատարների վարորդներ են, մեկը՝ միասնական ազգային քննություն հանձնած դիմորդ: Ենթադրվում է, որ նա վարակվել է ընտանիքի անդամներից: Վարակակրի կոնտակտներն արդեն բացահայտված են, 9 դիմորդ հսկողության տակ է, հաղորդում է Aliq-ը:
Covid-19-ը չի շրջանցել նաև Աֆղանստանում վրացի խաղաղապահներին: Հատուկ չվերթով Աֆղանստանից Թբիլիսի է տեղափոխվել 28 վրացի զինվորական, որոնց մոտ կորոնավիրուսի վարակ է հաստատվել: Նրանք «Վճռական աջակցություն» խաղաղապահ առաքելության մասնակիցներ են, բոլորի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Հիվանդությունն ընթանում է առանց բարդությունների: Մնացած զինվորականները վերադառնալուց հետո 14 օր պարտադիր կարանտին կանցնեն: