Հուլիսի 1-ից Գերմանիան առաջիկա վեց ամիսների համար ստանձնեց Եվրոպական Միության Խորհրդի նախագահությունը: 1lurer.am-ը զրուցել է փորձագետ Իզաբել Շատոյանի հետ՝ պարզելու, թե ի՞նչ կտա այս նախագահությունը Հայաստանին, և ի՞նչ փուլում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը: Հիշեցնենք՝ մնացել է 3 երկիր՝ Իսպանիան, Պորտուգալիան և Իտալիան, որ վավերացնեն համաձայնագիրը:
«Իտալիայի պարագայում պետք է նշենք, որ այստեղ պալատներից մեկն արդեն վավերացրել է, մնում է միայն մյուս պալատի վավերացումը: Երեք երկրների վավերացումից և ԵՄ խորհրդին տեղեկացնելուց հետո գործընթացը, կարելի է ասել, կավարտվի և արդեն 100 տոկոս կիրարկման փուլ կմտնի: Այժմ էլ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը 80 տոկոսով կիրարկման փուլում է: 2019-ի հունիսին հաստատվել էր ճանապարհային քարտեզը, որը սակայն հաստատվել է 100 տոկոսանոց կիրարկման համար»,- ասաց փորձագետը:
ՀՀ - ԵՄ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Ճանապարհային քարտեզով մինչև 2026 թվականը սահմանվել են հիմնական ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն: Անցած տարի արդեն շուրջ 10 ծրագիր է իրականացվել, և յուրաքանչյուր տարվա համար սահմանվել է 20-30 ծրագիր, որոնք ամեն տարի կյանքի են կոչվելու:
Հարցին ի պատասխան, թե փորձագետները ե՞րբ են կանխատեսում, որ գործընթացն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի, Շատոյանն ասաց, որ եթե կորոնավիրուսի ճգնաժամը չլիներ, կարող էին 2020 թվականն արձանագրել որպես վավերացման գործընթացի ավարտ: Ըստ փորձագետի՝ ճգնաժամի պատճառով ու Եվրամիության օրակարգում շատ այլ խնդրների պատճատով մի փոքր երկարաձգվում է: Կարծում է, որ 2020 թվականի ավարտին կարելի է որոշակի վերջնական արդյունք ակնկալել:
«Պաշտոնական ժամկետներ չկան, որովհետև գործընթացն արդեն կախված է անդամ երկրներում տեղի ունեցող քաղաքական զարգացումներից: Օրինակ՝ Իսպանիան, որը դեռ չի վավերացրել, ինչպես գիտենք կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրներից է, և տրամաբանական է, որ այստեղ այժմ բոլոր ուժերը կենտրոնացրել են համավարակի հետևանքների հաղթահարմանը: Ուստի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը որպես առաջնային դիտարկել չեն կարող»,-ասաց Շատոյանը:
ԳԵՐՄԱՆԻԱՆ՝ ԵՄ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՈՂ
Հուլիսի 1-ից ռոտացիոն կարգով Գերմանիան ստանձնեց ԵՄ խորհրդի նախագահությունը: Շատոյանն ասաց, որ այս երկիրը վեցամսյա նախագահությունը ստանձնում է ԵՄ-ի համար շատ ծանր ժամանակահատվածում: Կան բազմաթիվ հակասություններ ու շատ հարցերի շուրջ տարաձայնություններ:
«Գերմանիային շատ լուրջ առաջադրանքներ են սպասվում այս ընթացքում: Երկիրն արդեն իսկ ներկայացրել է իր նախագահության ծրագիրն ու հիմնական առաջնահերթությունները, որի շուրջ իրականացնելու է նախագահությունը: Եթե վերլուծում ենք ծրագրերի փաստաթուղթը, տեսնում ենք, որ հիմնականում կենտրոնանալու է կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման վրա: Ամենակարևոր երկու առաջադրանքը, որ դրված է Գերմանիայի առաջ, թերևս ԵՄ 2021-27 թթ. բյուջեի ու ԵՄ վերականգնողական պլանի հաստատումն է: Սա պետք է իրականացվի այս ամառվա ընթացքում, որպեսզի կառույցը լուրջ ֆինանսական խնդիրների առաջ չկանգնի: Բացի դրանից՝ Գերմանիայի ուսերին է նաև Բրեքզիթի գործընթացի հանգուցալուծումը: Մինչև դեկտեմբեր պետք է ԵՄ-Մեծ Բրիտանիա հարաբերություններում իրավական համաձայնություն լինի: Այս երկու գերակայություններն են սեղանին, բայց կարևոր են նաև բնապահպանական բաղադրիչը, միգրացիոն քաղաքականությունը, օրենքի գերակայության հաստատումը»,- ասաց փորձագետը:
ԵՄ - ԳԵՐՄԱՆԻԱ - ՀԱՅԱՍՏԱՆ. ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանն այս տարի կավարտի Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում «20 թիրախային արդյունք 2020» ծրագիրը: Ավարտվում է փաստաթղթի ժամկետը: Հերթը ծրագրի հաջորդ փուլինն է, ինչի համար առանցքային է լինելու 2021 թվականին նախատեսված գագաթնաժողովը: Նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու է նաև Գերմանիան:
«Կարծում եմ, որ Գերմանիայի նախագահությունը լավ հնարավորություն է, որպեսզի մեր դիվանագիտական ներկայացուցչություններն ակտիվացնեն համագործակցությունը: Այդ գագաթնաժողովի նախապատրաստման ընթացքում այնպիսի աշխատանքներ պետք է կատարեն, որպեսզի ընդգծվի ԱԼԳ ծրագրում Հայաստանի դերը, Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը»,- ասաց Իզաբելա Շատոյանը:
Փորձագետի խոսքով՝ Գերմանիան միգրացիոն քաղաքականությանն առանձնակի կարևորություն է տալիս, և լավ կլինի, որ այժմ ակտիվ աշխատանքներ տարվեն ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի շուրջ երկխոսության ուղղությամբ: Շատոյանն ընդգծեց, որ չունենք այս ուղղությամբ տեխնիկական և քաղաքական խոչընդոտներ, հետևաբար՝ գործընթացի մեկնարկի համար կարևոր է Եվրոպական հանձնաժողովի, անդամ երկրների դրական կարծիքը: Նրա հավաստմամբ՝ եթե Գերմանիան որպես ԵՄ խորհրդի նախագահող ու միգրացիոն քաղաքականության հարցում մեծ զգայունություն ունեցող երկիր իր դրական դիրքորոշումը տա, այն լավ ազդակ կարող է լինել նաև մյուս անդամ երկրների համար:
«Նշվում է, որ ԵՄ 2021-27 թվականների երկարաժամկետ բյուջեում Արևելյան հարևանությանն առավել մեծ չափ է պարունակելու: Սրանից կարելի է ենթադրել, որ գործընկերության շրջանակում ֆինանսավորումը ևս կարող է մեծ լինել: Սրանից կարելի է ենթադրել, որ Հայաստանում իրականացվող տարբեր բարեփոխումների ուղղությամբ ԵՄ ֆինանսական աջակցությունը ևս կարող է որոշակի առումով աճել»,- ասաց Շատոյանը:
Փորձագետի խոսքով՝ կան նաև այլ ուղղություններ, որոնցով համագործակցությունը պետք է խորացնել: Այն վերաբերում է Գերմանիայի սահմանած առաջնահերթություններին, օրինակ՝ թվային տեխնոլոգիաների զարգացմանը, բնապահպանական ոլորտի, օրենքի գերակայության հաստատմանը և այլն: