Հրապարակվել է Սեուլի քաղաքապետ Պակ Վոնսունի կտակը, որը նա գրել է, նախնական վարկածով, ինքնասպանություն գործելուց առաջ: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
«Ներողություն եմ խնդրում բոլորից: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կյանքի ընթացքում իմ կողքին էին: Ներողություն եմ խնդրում ընտանիքիս անդամներից` նրանց ցավ պատճառելու համար: Այրեք մարմինս, մոխիրը շաղ տվեք ծնողներիս գերեզմանին»,- գրել է նա` կտակը թողնելով աշխատասենյակում:
64-ամյա քաղաքապետի մարմինը գտել էին նախօրեին` 7 ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո: Հարավային Կորեայի ոստիկանությունը որոնումներն սկսել էր այն բանից հետո, երբ քաղաքապետի դուստրը հայտնել էր հոր անհետացման մասին: Քաղաքապետի մարմնի վրա բռնության հետքեր չէին հայտնաբերվել:
ԶԼՄ-ները պաշտոնյայի մահվան պատճառ են նշում նրա հասցեին արված սեռական բնույթի մեղադրանքները: Նշվում է, որ նրա նախկին աշխատակցուհին դիմել է ոստիկանություն` քաղաքապետին մեղադրելով 2017 թվականից սկսած իր նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար: