Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի հաղորդմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովը իր քայլն է արել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումն ապահովելու հարցում:
Հանձնաժողովն ընդունել է օրենսդրական հաշվետվությունը՝ կոչ անելով շարունակել Արցախում անցկացվող մարդասիրական ծրագրի ֆինանսավորումը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից՝ 2021 թ. ֆինանսական տարվա արտասահմանյան օգնության օրինագծի շրջանակում:
«Ողջունում ենք այս հաշվետվությունը որպես ճիշտ քայլ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այս վարչակազմի բազմակողմանի հարձակումը Արցախի ականազերծման ծրագրի նկատմամբ՝ պարզ է, որ Կոնգրեսը պետք է ավելին անի՝ ապահովելու համար ԱՄՆ-ի աջակցությունն այս ծրագրին»,- ասել է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
2021 թ. ֆինանսական տարվա արտասահմանյան օգնության օրինագիծն ու դրան կից հաշվետվությունը հատկացումների հանձնաժողովը ընդունել է 29 կողմ, 21 դեմ ձայնով:
Այն շուտով կներկայացվի Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը:
Առաջիկա շաբաթների ընթացքում, Սենատի հատկացումների հանձնաժողովը կդիտարկի արտասահմանյան օգնության օրինագծի իր տարբերակը։