Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին աջակցել է սարքավորումներ և կահույք հանձնելու Տավուշի մարզի բնակիչներից մեկին՝ Հայաստանում սոցիալական աշխատանքի ոլորտի ուժեղացմանն ուղղված ծրագրի շրջանակում։
«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» եռամյա ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։ Այն իրականացնում են Վորլդ Վիժն Հայաստանը և Մանկական զարգացման հիմնադրամը։
Կահույքը և սարքավորումները, որոնք ներառում են համակարգիչ, տպիչ, գրասեղան, աթոռ և պահարան, տրամադրվել են Այրում համայնքի սոցիալական աշխատող Թագուհի Մաճկալյանին։ Այս պարագաների օգնությամբ Թագուհին ոչ միայն կունենա ավելի բարենպաստ և արդյունավետ աշխատանքային պայմաններ, այլև կկարողանա ավելի լավ ապահովել քաղաքացիների անձնական տվյալների անվտանգությունը: Հունիսից նմանատիպ աջակցություն է ստացել ևս 30 համայնք Հայաստանի հինգ մարզում:
«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը նպատակ ունի համայնքներում արդյունավետ սոցիալական աշխատանքի ներդրման և առավել խոցելի երեխաների ու ընտանիքների կյանքի բարելավման միջոցով աջակցել Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի ուժեղացմանը:
Տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով՝ ծրագիրն օժանդակություն է ցուցաբերել 86 համայնքում աշխատող 91 սոցիալական աշխատողի, որոնք, իրենց հերթին, խորհրդատվություն և աջակցություն են տրամադրել 6,581 առավել խոցելի ընտանիքների ավելի քան 29,000 անդամի, ինչպես նաև մշակել և իրականացրել են անհատական զարգացման ծրագրեր 1,151 ընտանիքի համար։
Համայնքի սոցիալական աշխատողները նաև ակտիվորեն ներգրավված են մանկական խնամքի հաստատությունից տուն վերադարձած երեխաների և նրանց ընտանիքների վերամիավորման գործընթացում:
2018 թ․ մշակվել է համայնքի սոցիալական աշխատողի հեռավար ուսուցման 11-ամսյա հատուկ դասընթաց Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ: 2019 թ․ այս դասընթացն ավարտել և հատուկ հավաստագիր է ստացել 19 համայնքային սոցիալական աշխատող: 2020 թ․ ևս 16 սոցիալական աշխատող ներառվել է նշված դասընթացում: