Աշխարհում լայն տարածում գտած հարկային վարչարարության գործիքներից մեկը՝ տրանսֆերային գնագոյացումը, այս տարվանից սկսել է կիրառվել նաև Հայաստանում: Գործընթացը սահուն իրականացնելու համար Պետական եկամուտների կոմիտեն դեռևս անցած տարվանից պարբերաբար քննարկումներ, հանդիպումներ և դասընթացներ է կազմակերպում հարկ վճարողների, ինչպես նաև կոմիտեի աշխատակիցների համար:
ՊԵԿ ուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվել է հերթական դասընթացը «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ՀՀ-ում» թեմայով: Հեռավար դասընթացն այս անգամ կազմակերպվել է ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության ու տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի մասնագետների համար: Նպատակն է բարձրացնել աշխատակիցների տրանսֆերային գնագոյացման վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:
ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի պետ Նաիրուհի Ավետիսյանը ներկայացրել է տրանսֆերային գնագոյացման առանձնահատկությունները: Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների հիմքում ընկած է պարզած ձեռքի հեռավորության սկզբունքը: Այսինքն՝ փոխկապակցված կողմերի միջև կատարված գործարքների պայմանները պետք է համապատասխան լինեն փոխկապակցված չհամարվող կողմերի միջև կատարվող գործարքների պայմաններին: «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները թույլ են տալիս հարկային մարմնին պարզելու՝ փոխկապակցված անձանց միջև գործարքների պայմանները որքանով են արտացոլում իրական հանգամանքները, այսինքն՝ արդյոք տվյալ գործարքը տեղի կունենա՞ր նույն պայմաններով, եթե գործարքի կողմերը փոխկապակցված չլինեին»,- պարզաբանել է Նաիրուհի Ավետիսյանը։
Դասընթացն անցել է ակտիվ քննարկումներով:
Նշենք, որ ՊԵԿ ուսումնական կենտրոնը հեռավար դասընթացների կազմակերպման համար օգտագործում է skype for business արտոնագրված ծրագրային ապահովումը: