Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի քննարկմամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երեկ աշխարհում կորոնավիրուսի նոր դեպքերը գերազանցել են 100 հազարը: Եվ ընդհանուր դեպքերի թիվը գերազանցել է 12 միլիոնը, իսկ այն երկրները, որոնք հայտարարել էին, թե հաղթահարել են համավարակը, վերադառնում են կրկին ակտիվ փուլ:
Վարչապետը հիշեցրեց ԱՀԿ-ի հայտարարությունը, ըստ որի՝ վարակը կարող է տարածվել օդի միջոցով: Դրա համար է կարևոր դիմակների կրումը, այդ թվում՝ բաց տարածքներում՝ նշեց Կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ ռազմավարությունը նույնն է:
«Երեկ պարետի որոշմամբ մի շարք հիվանդություններ ունեցող անձանց համար բացառություններ են սահմանվել: Երեկվանից այս որոշումը բավական լայն քննարկման առարկա է դարձել, և կան տեսակետներ, որ քաղաքացիները, այդ որոշումից օգտվելով, զանգվածաբար կխուսափեն դիմակներ կրելուց»,- նշեց վարչապետը՝ խնդրելով արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանին ևս մեկ անգամ պարզաբանել որոշումը:
Ավինյանը նշեց, որ որոշումը կապված է քրոնիկական շնչառական հիվանդություններ ունեցող անձանց դիմակ կրելու հետ: Դա որոշակի խնդիրներ է առաջացրել: Եվ խորհրդակցելով առողջապահության նախարարության հետ՝ որոշում է կայացվել բաց տարածքներում որոշ հիվանդություններ ունեցողների համար դիմակ կրելու պարտադիր պահանջը հանել:
«Այդ հիվանդություններն են քրոնիկական շնչառական հիվանդությունները՝ ասթման, էմֆիզեման կամ բրոնխիտը ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունը, նաև երրորդ, չորրորդ ֆունկցիոնալ դասի քրոնիկական սրտային անբավարարություն ունեցող անձինք կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ իրենց մոտ կունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթղթեր: Դրանց ձևաչափերը փոխանցվել են ոստիկանությանը, որ որոշման չարաշահման հնարավորություններ չլինեն»,- նշեց փոխվարչապետ Ավինյանը: Ոստիկանությունը, բանավոր խոսքի վրա հիմնվելով, հիվանդության փաստը հարգելի չի համարելու՝ թեման եզրափակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: