Կառավարությունն այսօր հաստատեց «Պետական գույքի օտարման մասին» նախագիծը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց, որ նախագծով առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ ԱԱԾ-ին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող 6832,2 քմ մակերեսով հասարակական շենքը, դրա զբաղեցրած օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.8 հա մակերեսով հողամասն օտարել մրցույթով:
«Մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝ 2 մլրդ 62 մլն 100 հազար 320 դրամ: Գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի զբաղեցրած օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասի կադաստրային արժեքը՝ 56 մլն 257 հազար 680 դրամ, գույքի արժեքի որոշման համար՝ մատուցված ծառայությունների դիմաց նախատեսված 825 հազար 864 դրամը: Մրցույթում հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում օտարվող գույքի համար առաջարկվող գինը և գործարար ծրագրին համապատասխան իրականացվելիք ներդրումների չափը: Մրցույթի մասնակիցների առաջարկների գնահատումը կիրականացվի կշռային գործակիցներով օտարվող գույքի համար առաջարկվող գին՝ 70 տոկոս, ներդրումների չափ՝ 30 տոկոս»,- ասաց Պապիկյանը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ընդգծեց, որ տվյալ անշարժ գույքի վաճառման դեպքում ԱԱԾ-ին ֆինանսական միջոցներ կհատկացվեն, որով կկարողանան լուծել ծառայության որոշ աշխատակիցների բնակարանային ապահովման հարցերը: