Մեղրիի ավագանին հուլիսի 8-ին ի վերջո որոշել է փոփոխել «Ատ-մետալս» հանքարդյունաբերական ընկերության հողերի նշանակությունը և դարձնել այն ընդերքօգտագործման։ Մի քանի տարի էր՝ ընկերությունը փորձում էր հողի նշանակությունը փոխել, սակայն Մեղրիի ավագանին դեմ էր արտահայտվում՝ հիմնավորելով, որ հողը գտնվում է «Արևիկ» ազգային պարկի տարածքում։ «Լուրերը» անդրադարձել էր այս թեմային, նշել, որ «Ատ-մետալս»-ը դիմել էր դատարան՝ հողի նշանակությունը փոխելու պահանջով, սակայն դատարանը որոշել էր մերժել պահանջը։
Համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, սակայն «Լուրերին» ասել է, որ համայնքի հողերի նոր չափագրում է եղել, և իրենք այլևս դեմ չեն հողի նշանակությունը փոխելուն։
Հուլիսի 8-ին ավագանին որոշել է փոխել Տաշտուն բնակավայրի մոտ 39 հա մակերեսով հողերի նշանակությունը՝ գյուղատնտեսականից դարձնելով ընդերքօգտագործման։ Որոշմանը կողմ են արտահայտվել ավագանու 11 անդամներից 7-ը, 4-ը բացակայել են։
«Ատ-մետալս»-ի բաժնեմասերի մի մասը պատկանում է նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանի և Կարեն Կարապետյանի նախկին խորհրդական Համլետ Հովսեփյանին։ Ընկերությունը շահագործում է Մեղրասարի ոսկու հանքավայրը։