ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը բաց նամակով պատասխանել է երեկ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հայտարարությանը՝ ակումբին շատ «ջերմ» վերաբերվելու մասին:
«Ավարտին է մոտենում Հայաստանի բարձրագույն խմբի հերթական առաջնությունը. վերջին տուրից առաջ երկու թիմեր պահպանում են չեմպիոն դառնալու հույսերը: Ամբողջապես հասկանում եմ ձեր զգացումները՝ սիրելի թիմը դուրս է մնացել չեմպիոնական պայքարից, և տվյալ պահին կարող են էմոցիոնալ գնահատականներ հնչել։ Բայց վստահ եմ՝ էմոցիաները չպետք է գերակշռեն․ մասնագետները մրցավարության վերաբերյալ տվել են իրենց կարծիքը, որն էլ հրապարակվել է ՀՖՖ-ի կողմից։
Մեծ հաշվով ես կարող եմ ընդունել կամ չընդունել ձեր կարծիքները, բայց համաձայնեք նաև, որ մեկ խաղով կամ մեկ խաղում մրցավարական ճիշտ կամ սխալ որոշումների արդյունքում չի կարող լուծվել առաջնության չեմպիոնի հարցը: Առաջնության ընթացքում արձանագրվել են այլ վիճահարույց դրվագներ, որոնցից տուժել կամ շահել են բոլոր թիմերը, այդ թվում՝ «Շիրակը»: Բացի այդ, պնդում եմ, որ ցանկացած ֆուտբոլային հարց գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, ու մենք պատրաստ ենք այն քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:
Քննարկումների փոխարեն, սակայն, ստանում ենք այլ իրողություն: «Շիրակ» ակումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ մեղադրելով ինձ անգործության, Գյումրիի նկատմամբ իրենց իսկ խոսքով՝ «ջերմ» վերաբերմունքի մեջ:
Միանգամից ասեմ՝ բոլոր կետերն աղերս չունեն իրականության հետ, մանիպուլյատիվ են, ամբողջապես կառուցված են փաստերի աղավաղման վրա: Վստահ եմ, որ այս հայտարարությունը ոչ թե «Շիրակ» ակումբի, այլ «Շիրակի» սեփականատեր Արման Սահակյանի պատկերացումներն են ֆուտբոլի մասին, ուր անձնական շահը մշտապես առաջնային է հանրային շահից: Փաստերի մանիպուլյացիան, ինտրիգները, Հայաստանը գյումրեցիների ու երևանցիների, ախալքալաքցիների ու ղարաբաղցիների, սփյուռքահայերի և հայաստանցիների բաժանելն արատավոր պրակտիկա է, և նման փորձերը չեն կարող օգնել ո՛չ «Շիրակին», ո՛չ հայկական ֆուտբոլին, որի անբաժանելի և կարևորագույն մասերից է Գյումրիի թիմը։
Ցավալիորեն, «Շիրակի» ներկայիս սեփականատերը փորձում է իր նեղ անձնական շահը թաքցնել այլ մարդկանց հետևում, տվյալ դեպքում դա «Շիրակ» ակումբն է՝ իր հզոր երկրպագուներով, մարզչական կոլեկտիվով, ֆուտբոլիստներով, իր հարուստ անցյալով, ու, վստահ եմ՝ փայլուն ապագայով: «Շիրակը» իրոք ժողովրդական թիմ է և չի կարող համարվել որևէ մեկի սեփականություն, առավել ևս չպետք է դառնա խաղալիք՝ տարատեսակ անձնական հարցեր լուծելու համար:
Պատմությունը հիշում է դեպքեր, երբ Արման Սահակյանը «Շիրակն» օգտագործել է անձնական շահերի համար։ Ամենաթարմ դեպքը տեղի ունեցավ ուղիղ 2 տարի առաջ՝ 2018 թվականի մայիսին, ինչի հետևանքով՝
-
«Շիրակը» զրկվեց չեմպիոնությունից.
-
«Շիրակը» զրկվեց եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից.
-
«Շիրակը» հեռացվեց ՀՖՖ-ի կազմից.
-
«Շիրակում» արձանագրվեց ցմահ որակազրկում:
Ի՞նչ իրավիճակ է հիմա: 2018-ի սեպտեմբերից աշխատում եմ ֆուտբոլի ֆեդերացիայում. մինչև 2019-ի դեկտեմբերի 23-ը՝ որպես գլխավոր քարտուղար, իսկ հետո ընտրվել եմ նախագահ: Ընդ որում, իմ նախագահության 6,5 ամիսներից 4-ն անցել են կորոնովիուսային համավարակի պատճառով հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում, իսկ առաջին 2 ամիսների ընթացքում Հայաստանի առաջնության հանդիպումներ չեն եղել։ Բայց անգամ այս բարդ պայմաններում փորձել եմ իրագործել այն ծրագրերը, որոնք ներկայացրել եմ ընտրությունների ժամանակ: Կոնկրետ Շիրակի մարզի և «Շիրակ» ակումբի հետ կապված՝ կարող եմ արձանագրել.
-
«Շիրակի» ֆուտբոլի ակադեմիան առաջինն է, որ ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի կողմից ստացել է «Ազգային մարզումային ծրագիրը», իսկ «Շիրակի» ՖԱ-ի մոտ մեկ տասնյակ մարզիչներ մի քանի օր մարզչական վերապատրաստում են անցել ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ նրանց դասավանդել են անձամբ Խինես Մելենդեսը, ինչպես նաև Անտոնիո Ֆլորեսը և Ռուբեն Լեսկանոն: Այդ ընթացքում գյումրեցի մարզիչների կացության և սննդի ողջ ծախսերն իր վրա է վերցրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
-
Շիրակի մարզում կառուցվել են արհեստական խոտածածկով 12 փոքր խաղադաշտեր:
-
Վերջերս ՀՖՖ-ն հաստատել է Գյումրիի 3 բակային խաղադաշտերի վերանորոգման ծրագիրը, և հուսով եմ՝ այդ աշխատանքները կավարտենք այս տարվա աշնանը:
-
ՀՖՖ-ն այս տարվա սկզբին պատրաստակամություն է հայտնել ֆինանսական աջակցություն ցուցաբերել Գյումրիի մարզադաշտի լուսավորության տեղադրման հարցում: Գյումրիի մարզադաշտի լուսավորության խնդիրը համարում եմ անչափ կարևոր․ ՀՖՖ-ն խնդրել է «Շիրակ» ակումբին տրամադրել մարզադաշտի գծագրերը, սակայն մինչ օրս դրանք չենք ստացել։
-
2003 թվականից ի վեր Գյումրիում չէր անցկացվել Հայաստանի որևէ տարիքային հավաքականի մասնակցությամբ որևէ հանդիպում: 16 տարի անց մեր ջանքերով հաջողվեց Հայաստանի և Լյուքսեմբուրգի մինչև 21 տարեկանների հավաքականների հանդիպումն անցկացնել Գյումրիում: Այդ հանդիպումը, որին ներկա էր 3000 հանդիսական, վերածվեց իսկական տոնի, ինչը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համարում է իր նվաճումը: 2020 թվականին, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, Մ-21 հավաքականի մասնակցությամբ հանդիպումներ չեն անցկացվել, իսկ առաջիկա հանդիպումների անցկացման վայրի վերաբերյալ որևէ պաշտոնական որոշում դեռ կայացված չէ:
-
«Շիրակի» բազմաթիվ սաներ ընդգրկված են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում, Ռուդիկ Մկրտչյանը մեր երիտասարդականի ավագն է, Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու լինելու հիմքով, կախված զորակոչի ժամկետներից, ՀՖՖ-ի կողմից տարկետման են ներկայացվել «Շիրակի» մի շարք սաներ, այդ թվում՝ Վահան Բիչախչյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Ռաֆիկ Միսակյանը:
-
Անցյալ տարի ստեղծված ԲԿՄԱ-ի կազմում ընդգրկված են «Շիրակի» սաներ Արման Քիշմիշյանը և Լևոն Դարբինյանը։
Ամփոփելով՝ ցանկանում եմ կրկին դիմել «Շիրակ» ակումբի երկրպագուներին, մարզիչներին, ֆուտբոլիստներին, մեր ֆուտբոլային հանրությանը: Արդեն օգոստոսին հայկական թիմերը մեկնարկելու են եվրագավաթների խաղարկություններում, իսկ սեպտեմբերի սկզբին Հայաստանի ազգային հավաքականը պաշտոնական խաղեր կանցկացնի: Համավարակի պատճառով հայտնվել ենք ծանրագույն իրադրությունում. դեռ պարզ չէ, թե ինչպես են մեր թիմերը մեկնելու արտերկիր, ինչ ճանապարհով են Հայաստան ժամանելու հավաքականի ֆուտբոլիստները, արդյոք մինչ այդ գործելու է ինքնամեկուսացման 14-օրյա ռեժիմը:
Հասկանալի է, որ նման իրավիճակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լծված է ամենօրյա, հրատապություն ունեցող խնդիրների լուծմանը, բայց դրա հետ մեկտեղ մենք փորձում ենք չմոռանալ մեր հիմնական ծրագրերի մասին։ Մենք ունենք բոլոր երաշխիքները, որ մեր նոր մարզիչ Խոակին Կապառոսի գլխավորությամբ կարող ենք Ազգերի լիգայում հաջող ելույթ ունենալ, այս պահին զբաղվում ենք հավաքական նոր ֆուտբոլիստներ հրավիրելու հարցերով։ Այս և բազմաթիվ այլ խնդիրների լուծման ճանապարհին մեզ փորձում են ներքաշել Արման Սահակյանի կողմից սանձազերծված ինտրիգների, փոխադարձ մեղադրանքների, մեծ հաշվով՝ ինքնաոչնչացման անպտուղ խաղի մեջ:
Հանդուրժողականության մթնոլորտը, որը համարել եմ մեր ֆուտբոլի հաղթանակների գլխավոր պայմաններից մեկը, կրկին խախտվում է, քանի որ այդ պայքարի մեջ ակամա փորձում են նաև ձեզ ներգրավել:
Կոչ եմ անում հանգիստ քննարկել տեղի ունեցող իրադարձությունները, չտրվել Արման Սահակյանի սադրանքներին․ այս արշավի հիմնական նպատակը աթոռակռիվն է: Ակումբի սեփականատերերը, ֆեդերացիայի նախագահները անցողիկ են. հավերժ են Հայաստանի ազգային հավաքականները և պատմություն, անցյալ ու ապագա ունեցող ակումբները, ինչպիսին է, իմ համոզմամբ, «Շիրակը»:
* UCOM շարժական և ֆիքսված կապի խափանման հետևանքով ՀՖՖ պաշտոնական կայքի հետ կապված առաջացել են տեխնիկական խնդիրներ, որի պատճառով ստիպված ենք տեքստը հրապարակել ֆեյսբուքյան էջում: Խնդիրների կարգավորումից հետո տեքստը կարող եք գտնել նաև ՀՖՖ պաշտոնական կայքում»,- ասված է Մելիքբեկյանի բաց նամակում: